Անմեղ երեխուս դատապարտել են, ո՞նց համակերպվեմ․ առևանգված զինծառայողի մայր

Անմեղ երեխուս դատապարտել են, ո՞նց համակերպվեմ։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սումգայիթում 11.5 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Հովագիմյանի մայրը՝ տիկին Անուշը։
«Այս ընթացքում մի նամակ եմ ստացել Հարութից, մյուսն էլ պիտի ուղարկեր, չգիտեմ, թե ինչ եղավ, դեռ չեմ ստացել։ Չի էլ կարող պատմել, թե ինչ է կատարվում, գրի էլ, չեն թողնի, որ այդ նամակը տեղ հասնի»,-ասաց մայրը։
Տիկին Անուշը ներկայացրեց, որ այս ընթացքում ՄԻՊ-ին է դիմել, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ է դիմել, կապ է պահում իրավապաշտպանների հետ։
«ՊՆ-ի հետ ևս կապի մեջ ենք։ Բոլորն ասում են՝ բանակցություններ են ընթանում, քայլեր են ձեռնարկում, բայց դեռ ոչինչ չկա։ Հիմնականում, ՄԻՊ-ը հետևում է, որ երեխեքի կյանքին վտանգ չսպառնա, կարևորը սա է, հետո մնացած հարցերը տեսնենք ոնց կլինի»,-ներկայացրեց տիկին Անուշը։
Մայրը պատմեց, որ Հարությունն իր առաջնեկն է, ամուսնացած չէ, մեկ քույր ունի։
«2013 թվականից պայմանագրային է, բայց ընդմիջումներով էր գնում։ Մենք Կարենի ընտանիքի հետ էլ ենք կապի մեջ, որ մի նորություն է լինում, իրար շուտ հայտնում ենք»,-նշեց Հարությունի մայրը։
Մայրը նշեց, որ Կառավարությունից հստակ սպասելիքներ չունեն, քանի որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ կլինի։
Հիշեցնենք, Սումգայիթում այսօր ավարտվեց ՀՀ սուվերեն տարածքից առևանգված երկու հայ զինծառայողների դատական նիստը։ Ադրբեջանի դատարանը զինծառայողներին՝ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին 11,5 տարվա ազատազրկման դատապարտելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի դատախազը նրանց համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում։
Լիաննա Թորոսյան