Լուրջ մտահոգություն ունենք՝ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի թուղթ են ստորագրելու

Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլացիա է՝ ամեն ինչից հրաժարում, ուրացում։ Իրենք ուզում են ստեղծել մի պետություն, որի ապագան իրենք էլ չեն պատկերացնում։ Մենք լուրջ մտահոգություն ունենք, որ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի թուղթ են ստորագրելու․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։

«Մեր խորին համոզմամբ՝ Վաշինգտոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորում, այն դեպքում, երբ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչն ասաց՝ Ղարաբաղը մոռացեք։ Հայաստանն իր դիրքորոշումն այս առնչությամբ հրապարակավ չի հայտնում։ Այսօր խոսում են, որ կա առաջընթաց բանակցություններում, բայց որքան այս իշխանությունները բանակցություններում առաջընթացից են խոսում, մենք նույնքան ողբերգական հետընթաց ենք ունենում»,-ասաց Խաչատրյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում երեկ արված հայտարարություններին, Խաչատրյանը նշեց, որ իշխանություններն ուզում են, այսպես ասած, քանդել պետության հենասյուները։

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ասելիքն այն էր, որ պետք է փոխենք պետության եւ հայրենասիրության մեր մոդելը։ Այսինքն՝ փոխենք այն, ինչի վրա հիմնված է այս հանրապետությունը։ 33 տարի առաջ օգոստոսին ձեւավորվում էր ՀՀ անկախ պետականությունը, մշակվում էր անկախության հռչակագիրը, որտեղ դրվում էր պետության ու պետականության մոդելը, որի առանցքում Արցախի խնդիրն էր, ցեղասպանության միջազգային դատապարտումն էր։ Փաշինյանն ասում է՝ այս ամենը քանդենք, փշրենք, ստեղծենք մի ուրիշ հայրենասիրական մոդել, եւ այդ մոդելը նշանակում է 29,800 քմ եւ ինչ ուզում է լինի՝ խաղաղություն ենք ուզում»,-ընգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Խաչատրյանը շեշտեց՝ իրադարձությունները փաստում են, որ ցանկացած զիջում բերում է Ադրբեջանի կողմից նոր պահանջների։

Մանրամասն՝ տեսանյութում