Ձյուն գա-չգա, մետրոն արտակարգ ռեժիմով աշխատելու անհրաժեշտություն չի տեսնում

Երկու օր է, ինչ եղանակային անբարենպաստ պայմանների պառճառով հանրային տրանսպորտը շատ վատ է աշխատում: Երևանի բարեփոխված տրանսպորտը չմաքրված ճանապարհներով չի կարողանում երթևեկել: Դրա պատճառով էլ մարդիկ ոտքով են տուն գնում` հաճախ ավելի քան 3 ժամ քայլելով:
Բայց այս ամենի ֆոնին մետրոն արտակարգ գրաֆիկով չի աշխատում, դրա անհրաժետությունը չի տեսնում:
«Մետրոն աշխատում է իր գրաֆիկով՝ առավոտյան 7-ից մինչև 24:00»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը:
Նա նկատեց` այս պահին արտակարգ գրաֆիկի անհրաժեշտություն չկա։ Եթե անհրաժեշտ լինի,գրաֆիկի փոփոխության մասին նախօրոք կտեղեկացնեն:
Նշենք, որ երեկ էլ է մետրոն իր բնականոն գրաֆիկով աշխատել. գետնի վրա ավտոբուսները չէին աշխատում, մարդիկ սեփական մեքենաներով անգամ չէին կարողանում տեղաշարժվել, 20 րոպե ճանապարհը հազարավոր քաղաքացիների համար ձգվել է 4-5 ժամ, իսկ գետնի տակ՝ մետրոյում, «բնականոն» աշխատանքի պատճառով հերթեր էին, քաղաքացիները ստիպված մի քանի գնացք էին բաց թողնում... ու գրաֆիկի փոփոխություն չի եղել:
Եվ եթե այսօր էլ առատ ձյուն տեղա, ու նույն կոլապսը լինի գետնի վրա, մետրոյում երեկվա պես աշխատելու են ամենօրյա գրաֆիկով: Իսկ օդերևութաբանները զգուշացնում են՝ այսօր շատ առատ ձյան տեղումներ են սպասվում:
Նարե Գնունի