«Եթե չես գնում շալվար հագնես, ուրեմն տանում ենք հավաքների». 25-օրյա հավաքներին մասնակցելը պատիվ, թե՞ պատիժ

«25-օրյա հավաքներին մասնակցելը պետք է ներկայացնեն որպես պատիվ, ոչ թե պատիժ»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է Էդուարդ Հայրումյանը։ Նա երկար տարիներ ապրել է Երևանում, սակայն հաշվառված է եղել Ստեփանակերտում։ Քաղաքացիություն ստանալու որևէ անհրաժեշտություն անցած տարիներին չի եղել։
«Ես պետք է Կիպրոս մեկնեի, տոմսերն արդեն գնել էի, մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ իմ 070 կոդով անձնագրով, որի մեջ վիզան է՝ անվավեր է։ Գնացել եմ Անձնագրային վարչություն, նոր անձնագիր հանելու, որ կարողանամ սահմանը հատել։ Անհրաժեշտ էր, որ նաև զինկոմում գրանցվեի, որպեսզի թուղթ տանեի անձնագրային։ Մեկ օր ժամանակ ունեի, հաջորդ օրը ոչ աշխատանքային էր։ Ես շորտով էի (կիսատաբատ), որ գնացի զինկոմ։ Բարձրացա Նոր Նորքի զինկոմիսարի մոտ, ասում է՝ էս ո՞վ է քեզ այսպես թողել մտնես զինկոմ, դուրս արի։ Մասիվի զինկոմում էր։ Դուրս եկա պետի մոտից, ներքևում ասացին՝ «մինչև չգնաս, շալվար չհանգես, թուղթը պեչատող չկա»։
Բացատրեցի, որ ժամանակի առումով չեմ հասցնի։ Առաջին հարկում մի զինվորականի հետ էի խոսում, քանի որ պետը չէր թողնում մտնեի իր սենյակ։ Բարձրանում է պետի մոտ, իջնում է, ասում է՝ պետն ասել է՝ «եթե չես գնում շալվար հագնես, ուրեմն քեզ տանում ենք 25-օրյա հավաքների»։ Ասացի՝ խնդիր չկա, բայց այնպես ես ներկայացնում, որ պատժում եք, ասում է՝ հա։ Խնդիրը նրանում է, որ հավաքներին մասնակցելը և առհասարակ բանակում ծառայելը ներկայացվում է որպես պատժի վայր, այլ ոչ պատիվ ու արժանապատվություն»,- MediaHub-ին պատմում է Էդուարդը։
Հավաքին մասնակցելու ծանուցագիրը նա ստացել է այն ամսաթվով, երբ դեռ ՀՀ քաղաքացիություն չէր ստացել։
«Ծանուցագիրն օգոստոսի մեկով է։ Հարցրել եմ՝ դուք սա տալիս եք ՀՀ քաղաքացո՞ւն, ասում է՝ հա, ես ասացի, որ վաղը կդառնամ ՀՀ քաղաքացի, ասում են՝ ոչինչ։ Ես միանշանակ ստորագրել եմ»։
Մեր զրուցակիցն ասաց, որ այդ օրը զինկոմիսարիատ մտնելու պլաններ չի ունեցել, իսկ իրեն որևէ մեկը տեղյակ չի պահել զինկոմիսարի մոտ մտնելու “դրեսս կոդի” կանոնների մասին։
«Ես շարունակել եմ պայքարել իմ իրավունքների համար։ Բայց այդ պահին որպես պատիժ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են տվել։ Զինկոմիսարիատն այն ներկայացրեց որպես պատիժ՝ այն ժամանակ, երբ ես դեռ ՀՀ քաղաքացիություն չէի ստացել։ Անընդունելի եմ համարում, որ դա ներկայացվում է որպես պատիժ»,-ավելացրեց Էդուարդը։
Նա իր ընտանիքի հետ այժմ գտնվում է Կիպրոսում։ Հայաստան վերադառնալուց հետո Էդուարդը մասնակցելու է 25-օրյա հավաքներին, որից, իր խոսքով, չի խուսափում։
«Ծառայել եմ բանակում ու պատրաստ եմ շարունակել ծառայել ՀՀ զինված ուժերում»,-հավելեց նա։
Հունան Թադևոսյան