Ես, իմ եղբայրը, ընտանիքը որևէ կապ չունենք ԶՊՄԿ բաժնետոմսերի, դրանք կառավարությանը նվիրելու հետ․Վահե Հակոբյան

Ես, իմ եղբայրը, առհասարակ մեր ընտանիքը որևէ կապ չունենք ԶՊՄԿ բաժնետոմսերի, դրանք կառավարությանը նվիրելու հետ։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից ևս 6.8 տոկոս նվիրատվություն կստանա։ Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նվիրատվությունը վարչապետի աշխատակազմին կատարել է ԶՊՄԿ-ի բաժնետեր ընկերություններից մեկը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը։ «ԱՄՓ հոլդինգ»-ի բաժնետեր ընկերությունը «Սթար դասթ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերն են ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը և Գուրգեն Ամբարյանը։
«Այդ բաժնետոմսերը վաղուց՝ արդեն մեկ տարի է, ռուսներն առել են: Այնպես որ ով նվիրաբերել է իրեն է պետք հարցնել։ Պետռեգիստրում էլ հին տվյալներ են, ո՞վ է մեղավոր դրանում»,-ասաց պատգամավորը։
Անի Գևորգյան