Պետության գեոպոլիտիկ ինքնաuպանությունը հենց այս տեսքն ունի

Պետության գեոպոլիտիկ ինքնաuպանությունը հենց այս տեսքն ունի

Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթուղթը, որը Միրզոյանը որակեց պատմական իրադարձություն: Ըստ նրա՝ փաստաթուղթը երկու երկրների միջև վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլող, ինչպես նաև առավել խորը համագործակցությունը նախանշող հանգրվան է։  

Հայաստանյան քաղաքական դաշտն անմիջապես արձագանքեց այս իրադարձությանը, քանի որ հասկանալի է՝ ոչ այնքան սևով սպիտակին գրվածն է այստեղ կարևոր, այլ այն քաղաքական կոմպոնենտը, որն իրենից ենթադրում է այս փաստաթուղթը: Իսկ որ այն բազում մարտահրավերներ է ենթադրում այլևս կասկած չկա, և այդ մարտահրավերների առանցքում ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշինքն է: 

Այդպես, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց՝ «ժանրի կանոնների համաձայն, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին» և հիշեցրեց, որ ՌԴ-ն, ըստ էության, արդեն հայտարարել է, որ Հայաստանը չի կարող օրակարգում ունենալ ԵՄ անդամակցության հարց և մնալ ԵԱՏՄ անդամ:

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում՝ սպառնալով հերթական պատուհասը բերել մեր հայրենիքի գլխին»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը։

Քաղաքագետ Բենիամիան Մաթևոսյանն էլ ըստ կետերի մատնանշում է, թե կոնկրետ ի՞նչ է իրենից ենթադրում այս փաստաթուղթը: Ըստ նրա՝ հունվարի 14-ին Փաշինյանը ԱՄՆ հեռացող վարչակազմին հանձնեց ՀՀ ատոմային էներգետիկան, ՀՀ սահմանապահ և մաքսային հսկողությունը («Զանգեզուրի միջանցք»), ՀՀ էներգետիկան ամբողջությամբ.
«Պետության գեոպոլիտիկ ինքնասպանությունը ուղիղ եթերում հենց այս տեսքն ունի: Ըստ էության, Ալիևը այս մասին տեղեկացված էր դեռ մինչև Ամանոր, այդ իսկ պատճառով էլ Կիսելյովի հետ հարցազրույցում փորձում էր համոզել Թեհրանին ու Մոսկվային, որ ՀՀ դեմ պոտենցիալ պատերազմը ուղղված չի լինելու ՌԴ և Իրանի շահերի դեմ»,- հայտարարել է Մաթևոսյանը:
 

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն էլ է վերլուծել փաստաթուղթը և այն կարծիքին է, որ այն Երևանին ոչինչ չի տալու, ամերիկյան սպասվող օժանդակությամբ ՀՀ համար սպասվող բեկումը տեղի չի ունենա։ Նրա կարծիքով՝ ի վերջո ««ժողովրդավարությանը» և «ներառականությանը» կարելի է աջակցել՝ զիջումներ անելով հարևաններին հանուն «տարածաշրջանում խաղաղության», բնականաբար՝ «ամերիկյան մոդերատորությամբ և Եվրասիայում ռուսական ազդեցության նվազեցմամբ»։

«Այսօր Հայաստանում և՛ քաղաքական, և՛ հասարակական գործիչները սիրում են մեկ միտք կրկնել՝ Ռուսաստանը արդյունավետ երաշխավոր չէ, Մոսկվան չկարողացավ, չօգնեց։ Եթե անգամ ընդունենք նման փաստարկները, բնական հարց է առաջ գալիս. հունվարի 9-ին լրացավ Վրաստանի հետ ԱՄՆ ռազմավարական խարտիայի ստորագրման 16 տարին։ Կային նաև թեզեր «ժողովրդավարության» և «ներառականության» մասին։ Սա օգնե՞ց Թբիլիսիին վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան։ Հռետորական հարց է»,- հայտարարել է Մարկեդոնովը:

Ընդ որում, հիշեցնում է նա, 2009-ին ԱՄՆ-ն կանգնած չէր Վրաստանի և Աբխազիայի միջև հավասարակշռություն պահելու առանջնահերության առջև: Բայց և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը՝ և՛ նախկինում, և՛ հիմա, ստիպված են մանևրել թյուրքական տանդեմի և Հայաստանի շահերի միջև՝ նժարի վրա կշռելով բոլոր ծագող կոլիզիաները։ «2024 թվականին ամերիկացիներն իրենք «սառեցրին» Վրաստանի հետ պայմանագիրը։ Պատճառը Թբիլիսիի արտաքին քաղաքական կուրսի վերանայումն էր: Բայց մի՞թե դա տեղի չունեցավ, որովհետև Միացյալ Նահանգների ռազմավարական կանոնադրությունը ավելի շատ հայտարարություններ էր պարունակում, քան գործնականում օգտակար բաներ»,- հարցադրում է անում Մարկեդոնովը: