Հիշում եմ՝ նախորդ պատերազմի ժամանակ ինչի միջով անցանք բոլորս․ սա մեծ հնարավորություն էր աշխարհին Հայաստանը ցույց տալու համար․ Օտուբանջո

Հիշում եմ՝ նախորդ պատերազմի ժամանակ ինչի միջով անցանք բոլորս․ սա մեծ հնարավորություն էր աշխարհին Հայաստանը ցույց տալու համար․ Օտուբանջո

Հիշում եմ, թե նախորդ պատերազմի ժամանակ ինչի միջով անցանք բոլորս ու այն քայլը, որ արեցի երեկ դեռ պլանավորել էի հյուրանոցի սենյակում։ Ես հիմա այստեղ եմ ապրում, և որտեղ ապրում եմ՝ դա իմ տունն է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ՖԱ-ի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն՝ խոսելով երեկ Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովան» թիմի նկատմամբ տարած հաղթանակի և իր խփած գոլից հետո Հայաստանին աջակցություն հայտնելու մասին։ 

Հիշեցնենք, երեկ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայում 2-0 հաշվով հաղթեց «Սլովանին» և հայկական ֆուտբոլի պատմության մեջ արդեն իսկ ունենք եվրագավաթային առաջին հաղթանակը խմբային փուլում։ Խաղի ընթացքում Յուսուֆ Օտուբանջոն խփած գոլից հետո աջակցություն հայտնեց Հայաստանին։ Ֆուտբոլիստը, բարձրացնելով մարզաշապիկը, ցույց տվեց ներքնաշապիկի վրա գրվածքը․ «Կանգնենք Հայաստանի կողքին։ Խաղաղություն»։ 

«Ես այդ քայլին գնացի, որովհետև դա մեր՝ բոլորիս լավ ապրելու համար է։ Երեկվա խաղը մեծ հնարավորություն էր՝ աշխարհին ցույց տալու, որ մի վայր կա Հայաստան անունով, ու այն հրաշալի երկիր է»,- ասաց նա։ Հարցին, թե հետագա խաղերից և՞ս պետք է հաղթանակներ սպասել, Օտուբանջոն պատասխանեց․ 

«Ամենօրյա մարզումներ․ մենք միշտ պատրաստվում և աշխատում ենք յուրաքանչյուր մարտահրավերի ուղղությամբ։ Հիմա միջազգային դադար է և մենք այդ ժամանակն օգտագործում ենք ավելի ուժեղանալու և հաջորդ խաղերին ավելի լավ ներկայանալու համար»,- ամփոփեց նա։ 

Նշենք նաև, որ հանդիպման ավարտից հետո՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարեց, որ այս հաղթանակը նվիրում են մեր զինվորներին.

«Մենք բոլորս պետք է միասին լինենք։ Շատ ենք մտահոգված․․․ Ազգ՝ մենք ձեզ հետ ենք»,-ասել էր նա։ 

Լիաննա Թորոսյան