«Ուիգմոր» մանկական հիվանդանոցում խայտառակ պատկեր է, Շքեղ «Վոլվո»-ներ՝ «համեստ» իշխանականներին. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․
Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջերս «ԱՎԱՆՏԳԱՐԴ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 780 մլն դրամի կամ 2 մլն 14 հազար ԱՄՆ դոլարի մարդատար մեքենա: Պայմանագրում նշված է՝ 39 հատ Վոլվո EX40 մակնիշի էլեկտրամոբիլ: Իշխող ՔՊ-ն որոշել է իրենց ծառայողական ավտոպարկը թարմացնել էլեկտրամոբիլներով, ինչի վրա պետբյուջեից ահռելի դրամական միջոցներ են ծախսում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանը բոցաշունչ ճառեր էր ասում ՀՀԿ-ական ռեժիմի ստեղծած պադավատապետության մասին եւ օրինակներ բերում տարբեր երկրներից, թե կառավարությունները քանի ծառայողական ավտոմեքենայով են յոլա գնում: Հիմա իրենք զբաղված են միայն ծառայողական ավտոպարկը թարմացնելով: Նրանցից հետ չեն մնում նաեւ համայնքային ՔՊ-ականները, օրինակ՝ Մեծամորի, Սպիտակի համայնքապետերը: Երեւանի քաղաքապետարանն էլ է ձեռք բերել 644 հազար ԱՄՆ դոլարի էլեկտրամոբիլ:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս ուսումնական տարին ևս սկսվեց դասագրքերի հետ կապված քաոսով: Բացի որոշ դասագրքերի բացակայության հանգամանքից, մենք ստանում ենք նաև այլ դժգոհություններ: Մասնավորաբար, օրերս տեղեկություններ ենք ստացել, որ դպրոցներում 8-րդ դասարանի աշակերտներին բաժանել են «Կերպարվեստ» առարկայի դասագրքեր, ապա դրանք հետ են հավաքել և տրամադրել «Արվեստ» առարկայի դասագրքեր:
«Փաստը» գրավոր հարցմամբ դիմել էր ԿԳՄՍ՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք ընդհանրապես հետ է կանչվել «Կերպարվեստ» դասագիրքը: Նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են. «Համաձայն հանրակրթության պետական չափորոշչի՝ «Արվեստ և արհեստ» բնագավառի շրջանակում դպրոցները հնարավորություն ունեն 8-րդ դասարանի ուսումնական պլանում ընդգրկել «Արվեստ» կամ «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաները՝ սեփական ընտրությամբ: Նշված առարկաների դասագրքերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով երաշխավորվել են գործածության, տպագրվել և բաշխվել են հանրակրթական ուսումնական հաստատություններին»:
Միայն թե այդպես էլ անհասկանալի է մնում՝ ի՞նչ իմաստ ուներ առանձին «Կերպարվեստ» կամ «Երաժշտություն» դասագրքեր հրատարակել, ինչո՞ւ պետք է աշակերտները ծանոթանան արվեստի միայն այդ ճյուղերի հետ, առավել ևս, եթե հրատարակվել է նաև «Արվեստ» դասագիրքը, որն ավելի ընդգրկուն պատկերացում է տալիս արվեստի բոլոր բնագավառների մասին: Ընդ որում, մինչև 7-րդ դասարանը ներառյալ աշակերտներն անցնում են «Երգ-երաժշտություն» առարկան: Չնայած նախարարությունից նշում են, որ դպրոցները հնարավորություն ունեն ընտրել այդ գրքերի միջև, մենք ունենք տեղեկություններ, որ դպրոցների մեծ մասում դասավանդվում է հենց «Արվեստ» առարկան: Այսինքն, «Կերպարվեստ» դասագրքի վրա (նույնը կարելի է ասել նաև «Երաժշտություն» դասագրքի մասին) իզուր ծախս է արվել: Տպավորություն է, որ «կեսից» վերջապես հասկացել են, որ անիմաստ է արվեստի առանձին ճյուղ ընդգրկող դասագիրք ունենալ, բայց դրանք արդեն հրատարակված են եղել, ու միակ ելքը մնացել է դպրոցների «ընտրելու» տարբերակը: Իսկ եթե իսկապես «այլընտրանքային» գրքեր են հրատարակվել՝ այդքան ծախս կատարելով, ապա նման որոշումը, շատ մեղմ ասած, զարմանքի տեղիք է տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ուիգմոր» նորաբաց բժշկական կենտրոնին ՀՀ կառավարությունը 1.5 մլն դոլար է փոխանցել՝ առանց ռիսկերի փաստացի գնահատման: 2022 թվականի դեկտեմբեր ամսին Երեւան քաղաքում մեծ շուքով բացվեց «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնը: Հիմնադրման օրվանից այս բժշկական կենտրոնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորում առողջապահության նախարարությունը՝ շեփորահարելով այս կլինիկայի առավելությունների, բարձրակարգ լինելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ առանց նախնական հաշվարկներ անելու, առանց ռիսկերը փաստացի գնահատելու՝ առողջապահության նախարարությունը 2023 թվականի սկզբին 600 մլն դրամի պետական պատվերով ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել այս բժշկական կենտրոնի հետ: Որպես կանոն՝ պետական պատվեր հիվանդանոցներին տրամադրվում է առնվազն մեկ տարի վճարովի սկզբունքով գործելուց հետո, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ որակի ծառայություն է մատուցում հիվանդանոցը: Այսօրինակ ֆինանսավորում, ինչպիսին արվել է «Ուիգմոր»-ի դեպքում, ՀՀ առողջապահության համակարգում երբեք չի արձանագրվել, լիազոր մարմինը՝ պետական պատվեր տեղադրողը, շատ ավելի զգուշավոր է եղել ֆինանսների տրամադրման գործում: Մշտապես սպասել են, դիտարկել նորաբաց կլինիկաների աշխատանքը եւ նոր սկսել ֆինանսավորել, այն էլ՝ «Ուիգմոր Գրուփ»-ին հատկացված գումարից 20-30 անգամ պակաս չափով:
Բայց հանրության, առողջապահության կառավարիչների, տարիների փորձ ունեցող բժիշկների որոշակի շրջանակում ձեւավորվել է կարծիք, որ այս կլինիկան Հայաստանում առանձնահատուկ է, պայմանները, վերանորոգումը, կահավորումը, դիզայնը չունեն իրենց հավասարը, եւ որ մրցակցելը նրա հետ շատ դժվար է, առավել եւս, եթե հավելենք, որ ճանաչված շատ բժիշկների են հրավիրել աշխատելու «Ուիգմոր Գրուփ»-ում. սակայն իրականությունը ամենեւին էլ այդքան վարդագույն եւ կատարյալ չէ: Բուժայցելուներից ոմանք, լինելով ավելի ուշադիր, դիտարկել են, թե իրականում ինչ վիճակ է տիրում հիվանդանոցում, եւ անգամ ներկայացվող «գերազանց պայմաններից» «Ժողովուրդ» օրաթերթին փաստեր են ներկայացրել (տեղադրում ենք «Ուիգմոր Գրուփ»-ի լավ վերանորոգված եւ կահավորված պայմանները): Լուսանկարներում դուք կարող եք տեսնել, թե նոր վերանորոգված, գովազդված հիվանդանոցում ինչպիսի խայտառակ պայմաններ են. սանհանգույցի առաստաղը բաց է, մանկական հիվանդասենյակի սանհանգույցում էլեկտրական լարերը դուրս են եկել պատից ու հասանելի են երեխաներին: Հիվանդասենյակի մահճակալի վերեւի մասում եւս բաց լարերը հասանելի են երեխաներին…
Ստացվում է, որ «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի համար տրված ձեւակերպումը՝ «Մանկական հիվանդանոցային բուժօգնության բացառիկ մշակույթ՝ ի նպաստ երեխաների ապահով եւ որակյալ բուժօգնության» միֆ է: Անգամ հիվանդանոցային տարրական անվտանգային պայմաններն ապահովված չեն, ու տեսչական որեւէ մարմին ոչինչ չի անում բարձրակարգ հիվանդանոցը վերահսկելու, խախտումները բացահայտելու համար: Ինչո՞ւ, որովհետեւ բոլորը գիտեն, որ առողջապահական ոլորտում «Ուիգմոր»-ը վայելում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հովանավորությունը, եւ նրա մայրը ինչ-ինչ առնչություն ունի այս հիվանդանոցին կամ դրա տարբեր մասնաշենքերի բացմանը»: