Դժվար է կանխատեսել, թե երբ կկնքվի խաղաղության պայմանագիրը. Շառլ Միշել

Դժվար է կանխատեսել, թե երբ կկնքվի խաղաղության պայմանագիրը. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շարունակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի քննարկումը և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացումը:

Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ ՝ լարվածությունը հաղթահարելու և անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու համար՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Առաջնորդներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում նրանց վերջին հանդիպումից և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ տեսաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունների արդյունքները, քննարկել են ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, լարվածության մասին վերջին տեղեկությունները և հաստատել 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար պահպանման անհրաժեշտությունը:

Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել այդ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության հետ՝ առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:

Նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմերի հումանիտար ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության ամրապնդման համար: Նա ընդգծել է բոլոր չլուծված հումանիտար հարցերի ամբողջական և շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ մնացած գերիների ազատ արձակումը և անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը:

«ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցներին, ինչպես նաև ականազերծման մարդասիրական ջանքերին, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվությունների շարունակման և ֆինանսական օգնության ավելացման, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչությանը օգնության, վերականգնման և վերակառուցման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

Նախագահ Միշելը նշել է ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի կողմից իրենց երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ արագ առաջ շարժվելու ցանկությունը: Այդ նպատակով որոշվել է արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղ պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որտեղ կկարգավորվեն բոլոր անհրաժեշտ հարցերը։

Այդ նպատակով 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը համապատասխան՝ որոշվել է նաև համատեղ սահմանային հանձնաժողով հրավիրել մինչև ապրիլի վերջ: Համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատը լինելու է․

անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ սահմանի սահմանազատում,

ապահովել կայուն անվտանգության իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում:

Նախագահ Միշելը հաստատել է խորհրդատվություններ և աջակցություն տրամադրելու ԵՄ-ի պատրաստակամությունը:

Առաջնորդները քննարկել են նաևՀայաստանի և Ադրբեջանի միջև, մասնավորապես, Հարավային Կովկասում կապի ենթակառուցվածքների վերականգնումը: Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ՝ միաժամանակ կոչ անելով Հայաստանին ևւ Ադրբեջանին եւս արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար:

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել փոխկապակցված կապերի զարգացմանը, այդ թվում ՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան և առաջարկվող տնտեսական խորհրդատվական համաժողովի օգտագործման միջոցով ՝ ընդհանուր նախագծերը որոշելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Առաջնորդները պայմանավորվել են հետևել հանդիպման արդյունքներին և շարունակել փոխգործակցությունը։