Խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությունը հավերժ չէ․ Ադրբեջանը բացահայտ սպառնում է

Ադրբեջանական կողմը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագիրը և բացահայտ սպառնացել, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Մեջբերենք․ «Հայաստանին համաձայնության հասնելու դրդող գործոններից մեկը գիտակցումն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, սխալ կլինի այն բաց թողնելը», - ասել է Ամիրբեկովը:
Բաքուն պնդում է, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները, որոնք արդեն ավարտվել են, ճանապարհ են բացում հարաբերությունների և դիվանագիտական կապերի ամրապնդման համար:
Իսկ սրան զուգահեռ երեկ թշնամի երկրի նախագահ Ալիևը 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը։
«Միայն հարց է ծագում, ինչո՞ւ չի ստորագրվում այդ փաստաթուղթը։ Հայաստանն ասում է՝ «ամեն ինչ պատրաստ է, մնում է, տեղ ու ժամ որոշենք», Բաքուն այլ պահանջներ է առաջ տանում, որոնք կապ չունեն համաձայնագրի այդ 17 կետերից որևէ մեկի հետ։ Ամիրբեկովի՝ Բուենոս Այրեսում հնչեցրած մտքերը մտահոգելու տեղիք են տալիս։ Բաքվի մունետիկներն Ալիևի տեսակետը թղթապանակավորած երկրից երկիր են շրջում, մեղադրական սլաքներն ուղղում Հայաստանին։ Նրանք պահանջում են, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտարերկրյա ուժերը սահմանամերձ շրջաններից»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց իրավագետ Ինգա Բալայանը։
«Այս համաձայնագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը: Աշխարհը կառուցված է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»,- շեշտել է ադրբեջանցի պաշտոնյան:
Իսկ Հայաստանի իշխանությունը, նշեց Բալայանը, դեռ իր ստեղծած խնդիրների քաոսում է և չգիտի՝ որտեղի՞ց սկսի առաջին քայլը, որը իրենք էլ չգիտեն, թե ո՞ւր է տանելու:
Բալայանը նշեց, որ արգենտինացի պաշտոնյաները ևս ողջունել են Ամիրբեկովի մտքերը, կարևորել Ադրբեջանի կողմից 2023 թվականին վերականգնված տարածքային ամբողջականությունը, ցավով նշել, որ դրանից հետո երկրների միջև լարվածությունը շարունակվում է:
«Ադրբեջանը ձգտում է իր դիրքերը ներկայացնել միջազգային հանրությանը, և դա նրանց հաջողվում է ճիշտ դիվանագիտության շնորհիվ։ Հատկանշական է, որ արգետինացի պաշտոնյաները կարևորել են Եվրոպայի էներգետիկ ոլորտում Ադրբեջանի դերը՝ տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական հավասարակշռության լույսի ներքո: Իսկ ո՞ւր է գնում Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն ո՞ւր է տանում մեր երկիրը․․․ոչ ոք չգիտի»,- եզրափակեց Բալայանը։
Հունան Թադևոսյան