ՀԷՑ-ը տուգանվել է 20 մլն դրամով․ խախտվել են սպառողների իրավունքները․ ՀԾԿՀ

MediaHub-ի տեղեկություններով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանի էլեկտրական ցաներին տուգանել է 20 մլն դրամով։ Տեղեկության իսկությունը ճշտելու համար MediaHub-ը դիմեց ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանին, վերջինս հաստատեց լուրը։
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է 2022 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում չեն պահպանվել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետները»,-ասաց Ազիզյանը։
Ազիզյանի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, դիմող անձինք ու սպառողները սահմանված կարգով չեն ծանուցվել միացման ժամկետների ուշացման պատճառների մասին ու նրանց չեն վճարվել կանոններով նախատեսված տույժերը, ինչն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
«Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 42-րդ հոդվածի պահանջները՝ հանձնաժողովը այսօրվա նիստում սահմանված պահանջների խախտման համար
ընկերությանը տուգանեց 20 000 000 (քսան միլիոն) դրամ գումարի չափով»,-փոխանցեց նա։