Նազելի Բաղդասարյանն իր տեղում է, ես էլ իր հանձնարարություններն եմ կատարում․ Կարեն Մանուկյան

Նախորդ շաբաթ մամուլում շրջանառվեցին լուրեր, թե Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն առաջիկայում, հավականական է, հրաժեշտ կտա մարզպետի պաշտոնին և կգնա գործադիր։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Շիրակի մարզպետի պաշտոնին հավակնորդներ կան և մարզպետի աթոռը զբաղեցնել ցանկանում է ներկա փոխմարզպետ Կարեն Մանուկյանը:
Նազելի Բաղդասարյանն անպատասխան թողեց MediaHub.am-ի զանգերը, սակայն մարզում բնակիչներին ևս նման տեղեկություններ են հասել։
Իսկ թե որքանով է հավանական Կարեն Մանուկյանի նշանակումը, MediaHub.am-ը փորձեց ճշտել հենց նրանից։
«Նման հարց չկա, ես տեղյակ չեմ։ Նազելի Բաղդասարյանն իր տեղում աշխատում է, ես էլ իր հանձնարարություններն եմ կատարում։ Ոչ մի նոր բան չկա այս պահին»,-ասաց նա։
Ընդգծենք, որ Կարեն Մանուկյանը Նազելի Բաղդասարյանի կնքահայրն է։
Լիաննա Թորոսյան