«Փրկվել դեռ չի նշանակում ապրել». 6 հոգով անտառներում մնացել են 10 օր, մինչև օգնության են հասել փրկարարները

«Փրկվել դեռ չի նշանակում ապրել». 6 հոգով անտառներում մնացել են 10 օր, մինչև օգնության են հասել փրկարարները

Ռոբերտ Հովհաննիսյանը Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից է, զինվորական՝ ավագ լեյտենանտի կոչումով։ Երբ սկսվեց պատերազմը Չարեքտարի դիրքերում էր իր համագյուղացիների հետ։ 2020 թվականից հետո Ռոբերտն էլ շատերի պես զինվորագրվել է աշխարհազոր ուժերում և պաշտպանել երկրի սահմանները։ Սեպտեմբերի 19-ին, առաջին կրակոցները լսելուն պես, խուճապի չեն մատնվել, միանգամից անցել են հարձակողական և պաշտպանողական գործողությունների։ 

Ծանր մարտեր էին ընթանում. կորուստներ և՛ կրում էին, և՛ տալիս։ 

«Մեր դիրքերի վրա կրակում էին տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով, հիմնականում ականանետով։ Վիրավորներ ունեինք, մարտերին զուգահեռ, նրանց իջեցնում էինք դիրքից, առաջին օգնություն ցուցաբերում, հնարավորության դեպքում տարհանում տարածքից։ Իրավիճակն ավելի էր ծանրանում հատկապես այն ժամանակ, երբ զոհեր էինք ունենում։ Դա բառերով նկարագրելու չէ։ Ամեն դեպքում, եթե զինվորական ես ու ապրում ես պատերազմող գոտում, ուրիշ տարբերակ չի էլ լինում»,- MediaHub-ին պատմում է դասակի հրամանատար Արթուր Հովհաննիսյանը։ 

Երիտասարդ հրամանատարը ցավով է խոսում հատկապես կորուստների մասին, բայց նաև հավաստիացնում է, որ թշնամուն այդ կողմում լավ ջարդ են տվել։ 

Մարտերը շարունակվել են նաև հաջորդ օրը։ Կրակում էին և՛ անօդաչու թռչող սարքերի, և՛ տարբեր հեռահար հրթիռներով։ 

«Մեր տղերքը կռվեցին մինչև վերջին փամփուշտը։ Մեր հարակից դիրքերում լսվում էին կրակոցների ձայները։ Մեզանից ցածր մի քանի հենակետ արդեն ադրբեջանցիները գրավել ու դիրքավորվել էին։ Եկավ մի պահ, որ այլևս դադարեցին մեր կողմի կրակահերթերը, հասկացանք, որ տղերքը զոհվել են կամ հետ են քաշվել։ Մենք 5 հոգով փաստացի շրջափակման մեջ էինք։ Դժվար որոշում էր, բայց մենք էլ պիտի նահանջեինք, քանի որ նաև փամփուշտներն էր վերջանում։ Ադրբեջանական դիրքերը շրջանցելով, ճանապարհին նրանց սատկացնելով դիրքավորվեցինք նոր տարածքում ու շարունակեցինք մարտը։ Թշնամական զորքի համազգեստից նկատելի էր, որ հատուկ նշանակության ջոկատից են»,- հիշում է նա։

Կրակի երկար դադարը հուշել է տղաներին, որ պատերազմն ավարտվել է, իսկ Ռոբերտն ու ընկերները ոչինչ չգիտեին կատարվածի մասին, ռադիոհեռահաղորդակցության կապ չկար։

Տղաներից մեկը՝ Նարեկը, վիրավոր էր։ Հերթով նրան գրկած, անտառային ճանապարհով հարությունագոմերցի տղաները Չարեքտարից ոտքով հասել են Մարտակերտի վերին ենթաշրջան։

Ճանապարհին կերել են մոշ, հոն, վայրի խնձոր, առուներից ջուր խմել, ճանապարհին հանդիպած այգիներից բանջարեղեն հավաքել։ Բայց, դատարկված գյուղերը տեսնելով` մտածել են, որ ամբողջը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից։

Խնկավան գյուղում հնավեր մի եկեղեցի կա, գիշերը մտել, կրակ են վառել, գիշերել, հետո` ճանապարհ ընկել։ Այդ տարածքում հրաշքով կապ են հաստատել տնեցիների հետ, ասել, որ ողջ են։ 

Սեպտեմբերի 25-ին հասել էին արդեն Շահմասուր։ Այդ օրն անձրև էր տեղում, իսկ նրանք սոված ու թրջված վիճակում սպասել են մութն ընկնի, որ մտնեն տները, ուտելիք հայթայթեն։

«Շահմասուրի տներից մեկում միացրել ենք վառարանը, չորացրել հագուստը, խմոր եմ հունցել ու յոխա (լոշիկ) թխել, հաց կերել։ Մեր տղաներից մեկը՝ առաջին պատերազմն անցած Արթուր Բաղդասարյանը, տեղանքը լավ գիտեր, նաև որսորդ էր։ Եթե ինքը չլիներ, գուցեև չկողմնորոշվեինք։ 8 օր շարունակ մենք անտառներում ենք եղել։ Այդ ընթացքում արդեն սկսվել էին որոնողական աշխատանքները։ Փնտրում էին նաև մեզ»,- կատարվածի մասին պատմում է Ռոբերտը։ 

Նորիկ և Նարեկ Մակյան եղբայրները, վերջինս` վիրավոր վիճակում, Արթուր Բաղդասարյանը, Արթուր Դանիելյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաջորդ օրը շարունակել են ճանապարհը։ Մեր զրուցակիցն ասում է, որ այդ ընթացքում իրենք չեն մտածել, որ կհաջողեն փրկվել։

Երբ հասել են Վանքի խաչմերուկ, հեռվում նկատել են ճանապարհի ուղիղ կենտրոնում տեղակայված ադրբեջանական բլոկ-պոստը։ Ճանապարհը շրջանցել են Խաչենագետով, անտառներով փորձել են հասնել Խաչեն, որը Ռոբերտի մայրական գյուղն է։ Անտառում թութունի հոտ են առել, կանգ առել, մարտական վիճակի բերել զենքերը, առաջացել։ Երբ տեսել են իրենց գյուղից մի տղամարդու՝ Կամո Ադամյանին, իրար գրկել են, ուրախացել, նրա հետ ուտելիքով են կիսվել, ինքն էլ ծխախոտ է հյուրասիրել։ 

«Նա Հաթերքի դիրքերից էր իջել ու ոտքով հասել մինչև այդ տարածք, չէր կարողանում քայլել։ Իրար օգնելով չդիտարկվող տեղանքով գիշերը հասել ենք Խաչեն։ Զանգել ենք փրկարար ծառայություն։ Մինչ նրանց ժամանաումը, մինչև վերջ չէի հավատում, որ կփրկվենք։ Բարեկամներիս տանը Նարեկի վիրակապն ենք թարմացրել, մեզ կարգի բերել, սնվել։ Ուշ գիշերին փրկարարների հետ մեզ օգնության էին եկել ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ու Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը։ Մեզ ուղիղ տարել են բժշկական կենտրոն, զննել և ուղեկցել մեր հարազատների մոտ»։

Ռոբերտ Հովհաննիսյանը չի ուզում պատմել իրենց ու հարազատների հետ հանդիպման մասին. «Փրկվել դեռ չի նշանակում ապրել»: Ափսոսում է․ «Լավ տղաներ ենք կորցրել, ովքեր կռվեցին գիտակցաբար, նվիրեցին իրենց կյանքը, բայց հայրենիքը չփրկվեց»

Հունան Թադևոսյան