Առողջական որ խնդիրների դեպքում է նուռը հակացուցված

Նուռն ամենաօգռակար սննդամթերքի տեսակներից մեկն է, քանի որ հարուստ է մի շարք օգտակար նյութերով և օգնում է պայքարել ամենատարբեր հիվանդությունների դեմ, սակայն անգամ նման օգտակար մթերքը կարող է վնասակար լինել սխալ գործածության դեպքում: Մասնագետների խոսքով՝ անգամ բացարձակ առողջ մարդը պետք է օրական առավելագույնը մեկ նուռ ուտի ինքնազգացողության վատթարացումից խուսափելու համար, իսկ առողջական որոշակի խնդիրների դեպքում այն առհասարակ հարկավոր է բացառել սննդակարգից կամ խիստ սահմանափակել:
Առողջական խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հիշել, թե որ դեպքերում է նուռը հակացուցված, ուստի իտալացի գիտնականները թվել են այն հիվանդությունները, որոնց դեպքում այս մթերքը հարկավոր է բացառել սննդակարգից: Մասնագետների խոսքով՝ նռան գործածությունից առաջին հերթին հարկավոր է խուսափել հիպոտոնիայի՝ զարկերակային ցածր ճնշման դեպքում, քանի որ այս մթերքը կարող է էլ ավելի նվազեցնել զարկերակային ճնշումը: Այս միրգը հակացուցված է նաև գաստրիտով, ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությամբ ու էնտերիտով հիվանդներին: Բացի այդ, այն չի կարելի օգտագործել նաև թութքի դեպքում, եթե այն սրման փուլում է, ինչպես նաև քրոնիկ փորկապության ժամանակ:
Հարկավոր է հաշվի առնել, որ նռան հյութի մեջ պարունակվող թթուները կարող են վնասել ատամների էմալը, ուստի նման խնդիրներից խուսափելու համար այն հարկավոր է խմել հատուկ ձողիկի միջոցով, իսկ հյութը խմելուց հետո անպայման ողողել բերանի խոռոչը մաքուր ջրով: Հարկ է նաև հիշել, որ բուժիչ նպատակներով հաճախ կիրառվող նռան կեղևը պարունակում է թունավոր նյութեր, այդ թվում նաև ալկալոիդներ, ուստի մինչ դրանցից պատրաստված եփուկներ ու թուրմեր կիրառելը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
Բացի այդ, չի կարելի մոռանալ, որ այս մրգի հյութը կարող է անհամատեղելի լինել որոշ դեղամիջոցների հետ, ուստի դեղորայքային բուժման ընթացքում նույնպես հարկավոր է խուսափել նռան հյութի գործածությունից, գրում է actualnews.org կայքը: