Հայաստանի հավաքականի մրցակիցը հաղթանակով է սկսել տարին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը` Նորվեգիայի ազգային թիմը, վստահ հաղթանակով է սկսել 2022 թվականը:
Նորվեգացի ֆուտբոլիստները սեփական դաշտում անցկացրած ընկերական խաղում 2:0 հաշվով առավելության են հասել Սլովակիայի ընտրանու նկատմամբ: Երկրորդ կեսի վերջում աչքի են ընկել Էռլինգ Հալանդն ու թիմի ավագ Մարտին Էդեգորը: Առաջինը հավաքականում անցկացրած 16 խաղում արդեն դարձել է 13 գոլի հեղինակ:
Խաղի հետո Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենը նշել է, որ Հայաստանի հետ խաղին հնարավոր է մեկնակային կազմում ընդգրկվեն այն ֆուտբոլիստները, որոնք չեն մասնակցել Սլովակիայի հետ խաղին: Ինչ վերաբերում է 21-ամյա սուպերաստղ Էռլինգ Հալանդին, ապա նրա մասնակցության հարցը կորոշվի հանդիպման օրը:
Հավելենք, որ Նորվեգիայի ներկայիս հավաքականը Եվրոպայի ամենաերիտասարդ թիմն է, որի ֆուտբոլիստների միջին տարիքը կազմում է 23,7 տարեկան:
Նորվեգիա – Հայաստան ընկերական խաղը կկայանա մարտի 29-ին, Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: