Հուսամ՝ իմ հանդիսատեսին հուսախաբ չեմ անի․ ի՞նչ նորություն ունի Վլադիմիր Արզումանյանը

Հուսամ՝ իմ հանդիսատեսին հուսախաբ չեմ անի․ ի՞նչ նորություն ունի Վլադիմիր Արզումանյանը

Մանկական եվրատեսիլ 2010-ին իր «Մամա» երգով Եվրոպան գրաված Վլադիմիր Արզումանյանը երկարատև ընդմիջումից հետո երկրպագուների դատին է հանձնել իր նոր՝ «Կյանք ու կես» երգը։ MediaHub-ի հետ զրույցում երգիչն անկեղծացավ․ «Երգը նվիրում եմ նրանց, ովքեր սիրել գիտեն և սիրում են»։

Երկար ժամանակ Վլադիմիրը սոցիալական հարթակներում լուռ էր։ Վերջին երգը նա կատարել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Հանրապետության հրապարակում, «Մանկական եվրատեսիլ 2022»-ի բացման հանդիսավոր արարողությանը։

«Դրանից հետո՝ Արցախի պաշարման հետ կապված որոշակի դադար էի վերցրել, չէր լինում ստեղծագործել։ Հետո եղավ պատերազմը, Արցախի հայաթափումը։ Դժվար ժամանակներ են նաև ինձ համար։ Ընկերներիս հորդորով վերջերս սկսեցինք աշխատել «Կյանք ու կես» երգի վրա։ Երգի խոսքերը գրեց Մհեր Պետրոսյանը, երաժշտությունը հեղինակեց Վարդան Գալստյանը, միքս և մաստերինգի աշխատանքը կատարեց Մարտին Միրզոյանը, տեսահոլովակում նկարահանված գեղեցկուհին Ռոզա Դավթյանն է։ Իմ ընկերներից Լևոն Սահակյանն իր վրա վերցրեց նկարահանման, միաժամանակ ռեժիսորական ողջ գործառույթները։ Շնորհակալ եմ այդ տաղանդավոր մարդկանց, որոնց շնորհիվ լույս տեսավ իմ նոր երգն ու տեսահոլովակը»,-նշեց երգիչը։ 

«Կյանք ու կես» տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Երևանի Բուսաբանական այգում, մի մասը՝ Նորավանքում։ «Գործընթացը երկար չտևեց, հունիսի սկզբին նկարահանումներն ավարտեցինք ու անցանք նախապատրաստական աշխատանքներին։ Հուլիսի 20-ին երգի պրեմիերան էր։ Անցած մեկ օրվա դիտումները գոհացնող են»,-հավելեց երգիչը։ 

Տեսահոլովակի մեկնաբանությունների բաժնում արված գրառումներից պարզ է դառնում, որ Վլադիմիրի երկրպագուները սպասել են նրա երգին և պահանջում են նոր կատարումներ։ 

«Հուսամ՝ հուսախաբ չեմ անի  իմ հանդիսատեսին»։  
Վլադիմիր Արզումանյանը ոճային փոփոխության առայժմ չի պատրաստվում, սակայն, համոզված է, որ ոճի և ձեռագրի փոփոխություն, այնուամենայնիվ, պետք է։

Նշենք, որ Վլադիմիրը 2010 թվականին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթողն է։ Այդ հաղթանակի շնորհիվ առաջին անգամ Երևանն իր հարկի տակ  հյուրընկալեց համաեվրոպական ամենահեղինակավոր երգի փառատոնը։
Վլադիմիրն ամուսանցած է, ունի մեկ դուստր։

Հունան Թադևոսյան