Փաշինյանի բարդ երկընտրանքը

Փաշինյանի բարդ երկընտրանքը

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին: Ըստ ամենայնի, Ադրբեջանը Փաշինյանին առաջարկելու է ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ ստորագրել հենց Բաքվում:

Իմիջային տեսակետից սա շատ կարևոր քայլ է Բաքվի համար, միևնույն ժամանակ, բավականին ստորացուցիչ ակտ՝ Հայաստանի համար:

Մյուս կողմից, հենց Փաշինյանն է իրեն դրել նման թակարդի մեջ՝ անցած դեկտեմբերից համաձայնելով ուղղակի բանակցություններին:

Ստեղծված իրավիճակում, կարծում եմ՝ Փաշինյանը պետք է դիվանագիտական ճկունություն ցուցաբերի և Բաքու մեկնի պայմանով՝ եթե նրա հետ Երևան վերադառնան բոլոր հայ ռազմագերիները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Բայց արդյո՞ք Փաշինյանն ի վիճակի է նախապայման դնել, երբ Ալիևն առաջ է քաշում նորանոր պահանջներ:

Ընդամենը երկու օր առաջ Իլհամ Ալիևը հնչեցրել է հին ու նոր մի քանի պահանջներ՝ ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթ համաձայնեցնել ու փոխել Հայաստանի Սահմանադրությունը։

Իհարկե, կարելի է էմոցիոնալ արձագանքել Ադրբեջանի նախագահի պահանջներին կամ ձև տալ, թե նրա ագրեսիվ հայտարարությունները ներքին լսարանի համար են:

Սակայն այդ ամենն ինքնախաբեություն կլինի, մանավանդ՝ Բաքվին հաջողվել է իր պահանջների մի մասը լեգիտիմացնել միջազգային հարթակներում:

Ստացվում է՝ Հայաստանի վիճակը, մեղմ ասած, փակուղային է: Իրականում նման ծանր վիճակի մեջ հայտնվեցինք, որովհետև Փաշինյանի գերխնդիրը ոչ թե խաղաղությունն է, այլ Ռուսաստանին Հայաստանից հեռացնելը: Փաշինյանի «շնորհիվ» հայտնվեցինք մի իրավիճակում, երբ լրիվ անպաշտպան ու մենակ մնացինք ագրեսիվ Ադրբեջանի դեմ:

Վահրամ Բագրատյան