ՀՀ պետականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ են հնչում Շուշիից, Երևանում՝ քար լռություն

«Բաքվից հնչող ցանկացած խոսույթ, որը կասկածի տակ է դնում Հայաստանի պետականությունը, հայկական լեռնաշխարհում հայերի ներկայությունը, պետք է հստակ հակադարձում ստանա։ Եվ, բնականաբար, սա միայն հանրային գործիչների կամ լրատվամիջոցների տիրույթում չէ, այլ բոլորիս, ընդ որում աշխատանքը պետք է համակարգվի պետական մակարդակով»,- այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը` անդրադառնալով Բաքվից բարձր մակարդակով հաճախ հնչող հայտարարություններին։
«Ու չգիտես ինչու՝ Հայաստանի պետականությունը կասկածի տակ դնող հայտարարությունները հնչում են Շուշիից՝ Ալիևի շուրթերով»,- ասաց նա։
Հայրապետյանն Արցախի հետ կատարվածի և այսօր Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների մեջ նմանություն է տեսնում։
«Բաքվից մի արվեստագետ, կարծեմ՝ Ֆարիդ Իսմայիլով, բլոկադայի ժամանակ գրում էր, թե՝ «շուտով կգանք Խանքենդի, թեյ կխմենք Մ.Գորկու (Վահրամ Փափազյանի-խմբ․) անվան թատրոնի շենքի բակում»։ Ես, իհարկե, լուրջ չէի վերաբերում ու չէի մտածում, որ Ստեփանակերտը մի օր կդառնա Խանքենդի։ Հիմա իրենց սանձարձակությունը հասել է նրան, որ Երևանն են «Իրեվան» ներկայացնում, այդ ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկում, իբր դա ադրբեջանական քաղաք է եղել։ Մի «պատմական» լուսանկար են հրապարակում, գրությամբ՝ «ադրբեջանցի շահն Իրեվանի իր նստավայրում ընդունում է հայերին»։ Պարզ է չէ՞, թե ուր է հասնում իրենց նպատակները։ Սա հստակ պետական քաղաքականություն է՝ վերացնել, փոշիացնել Հայաստանի Հանրապետության պետականությունը։ Նույն Արցախի պատմությունն է»,- իր մտահոգությունը հայտնեց Արմինե Հայրապետյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանից հնչող հայտարարություններին համարժեք պատասխան չենք տալիս։
«Եվ եթե բանը հասել է նրան, որ Ադրբեջանի նախագահը Շուշիից է խոսում Երևանի, «Զանգեզուրի միջանցքի», Տավուշի և մյուս հայկական բնակավայրերի մասին, մենք պետք է անընդհատ խոսենք Բաքվի հայկական եկեղեցիների, նավթարդյունաբերության ոլորտում հայերի դերակատարման, Գանձակի, Նախիջևանի հոգևոր-մշակութային կոթողների, հյուսիսային, դաշտային Արցախի մասին։ Խնդիրն այն է, որ թվում է՝ մենք իրենց ցանկացած միտք ընդունում ենք, համաձայնություն ենք տալիս»։
Ըստ Հայրապետյանի՝ սխալ քարոզչության, նաև տեղեկատվական ասպարեզում կրած պարտության հետևանքով է, որ Հայաստանում մարդիկ կան, որ ասում են՝ «դե Արցախը մերը չէր, Կիրանցը մերը չի, Տիգրանաշենը, Սոթքը մեր չեն»։
«Իրենք իրենց մասին որևէ փաստարկ չունենալով, հայերին անվանում են քոչվորներ, մինչդեռ, իրենք չգիտեն՝ մոնղո՞լ են, թաթա՞ր են, թո՞ւրք են, թե՞ կարակոյո՞ւն են։ Մեր դառը փորձն ու Ղարաբաղի ճակատագիրը ցայտուն օրինակ, ադրբեջանական ցանկացած հայտարարություն վտանգավոր խաղ է»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան