Պատգամավորի մանդատն այն արդյունավետ գործիքը չէ, որը թույլ կտա հասնել մեր վերջնանպատակին․ Վանեցյան
Երբ 8-րդ գումարման խորհրդարանը ձևավորվեց, դա սովորական իրավիճակում ձևավորված խորհրդարան չէր։ Մենք ունեինք հետպատերազմյան շրջան, երկիրը գտնվում էր քաոսային իրավիճակում, մենք ունեինք սահմանային լարվածություն, զոհեր, ունեինք լրջագույն խնդիրներ և մարտահրավերներ, և եղան ընտրություններ, որին մասնակցեցինք։
Այս մասին այսօր հարցազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ամիսներ առաջ մանդատը վայր դնելու որոշմանը։
«Ես համոզված եմ, որ ընդդիմադիր ուժերին ընտրող քաղաքացիները մանդատ չէին տվել, որ քննարկեինք օրենքներն ու օրենսդրական նախաձեռնությունները։ Մեզ ընտրողը ձայն, մանդատ է տվել, կանգնել է մեր կողքին մեկ նպատակով՝ իրականացնել իշխանափոխություն և այս իշխանություններին հեռացնել իշխանությունից։ Մանդատը վայր դնելու հետ կապված կոնկրետ հայտարարություն եմ արել, եղել եմ շատ ազնիվ բոլորի հետ՝ թե՛ իմ գործընկերների, թե՛ ժողովրդի, թե՛ ինձ ընտրողների, թե՛ չընտրողների։ Շատ է այս հարցը քննարկվել»,-ասաց Վանեցյանը։ Դիտարկմանը, թե այդ դեպքում ի սկզբանե պետք չէր վերցնել մանդատը, վերջինս պատասխանեց․
«Նիկոլ Փաշինյանը կարողացավ մանիպուլացնելու միջոցով ասել, որ եթե նրան են ընտրում, ապա ընտրում են խաղաղություն, եթե ընտրում են ընդդիմությանը, ապա ընտրում են ռևանշիստների, պատերազմ ցանկացողների, բայց իրականում հակառակը տեսանք․ 2022 թվականի սեպտեմբերի դեպքերը դրա վառ ապացույցն են»։
Վանեցյանի խոսքով՝ հույս ունեին, որ մանդատը կօգտագործեն իրենց վերջնանպատակին հասնելու համար։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականի ապրիլին դուրս եկավ Ազատության հրապարակ և հայտարարեց անժամկետ ակցիա․ «Ես ասացի՝ եթե չհաջողեմ, ես խորհրդարան չեմ գնալու․ ես կատարել եմ իմ խոստումը։ Հիմա համարում եմ, որ խորհրդարանն այն տեղը չէ, պատգամավորի մանդատն այն արդյունավետ գործիքը չէ, որն ինձ թույլ կտա հասնել բոլորիս վերջնանպատակին»,-նշեց նա։
Դիտարկմանը, որ Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելուց հետո ստեղծված դաշինքը մնաց այլ քաղաքական ուժի ձեռքերում, վերջինս արձագանքեց, որ դաշինքն ի սկզբանե ձևավորվել է երկու կուսակցությունների գաղափարի շուրջ։
«Մինչև օրս իմ և ՀՀԿ թե՛ անդամների, թե՛ նախագահի հետ հարաբերությունները շատ լավ են և որևէ տարաձայնություն մեր մեջ չկա։ Ուղղակի ես համարել եմ, որ այս փուլում խորհրդարանում իմ լինելը ճիշտ չէ, իսկ նրանք այլ կերպ են մտածել։ Ուստի, «Հայրենիք» կուսակության խորհուրդը որոշում է կայացրել դուրս գալ խորհրդարանից, ՀՀԿ-ն որոշել է՝ մնալ։ Դաշինքը չի փլուզվել»,-հավելեց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։