Փոխվարչապետին կներկայացնենք մեզ հուզող հարցերը, տեղաշարժ չլինելու դեպքում կորոշվեն հաջորդ անելիքները

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նախօրեին տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարության կողմից արձագանք չլինելու դեպքում անցնելու են կոնկրետ գործողությունների։
Մենք կապ հաստատեցինք խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանի հետ, ճշտելու, թե ի՞նչ գործողությունների մասին է խոսքը։
Մկրտչյանը MediaHub-ին ասաց, որ առաջին դրական քայլն արդեն նկատելի է ՀՀ կառավարությունից։ Խորհրդի մի խումբ պատասխանատուներ այսօր հրավիրվել են հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու իրենց պահանջները:
«Ի սկզբանե մեր հանրահավաքի և խորհրդի ձևավորման հիմքում քաղաքական որևէ պահանջ չի եղել։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը տեր կանգնի արցախցիների իրավունքներին, լուծի սոցիալական հարցերը։ Մենք պարոն Գրիգորյանին կներկայացնենք մեզ հուզող հարցերը։ Եվ եթե որևէ տեղաշարժ չլինի, այդ ժամանակ խորհուրդը կորոշի հաջորդ անելիքները՝ կոնկրետ գործողությունների տեսքով»,- նշեց նա։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նաև հաղորդագրություն է տարածել, տեղեկացրել, որ այսօր ժամը 17:00-ին տեղի է ունենալու ինքնաբուխ հավաք կառավարության առջև՝ հանրայնորեն վերահաստատելու իրենց պահանջները: Հանդիպման ավարտից հետո Խորհրդի ներկայացուցիչները դուրս կգան և կիրազեկեն հավաքի մասնակիցներին բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Խորհուրդը հորդորել է բոլորին մասնակցել հավաքին:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին մեծ հանրահավաքի ժամանակ բանախոսները հորդորել են կառավարությանը վերանայել արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագիրը, հակառակ դեպքում՝ արտագաղթի մեծ ալիք է բարձրանալու։ Նաև առաջարկ է եղել՝ որևէ գումար չտրամադրել, այլ տանտերերի հետ պայմանագիր կնքել՝ բնակվարձերի գումարն իրենց փոխանցելու տարբերակով։
Հունան Թադևոսյան