«ՈՄԱ»-ի թնջուկը. նոր մանրամասներ՝ ՊՆ-ից

«ՈՄԱ»-ի թնջուկը. նոր մանրամասներ՝ ՊՆ-ից

«ՈՄԱ» հասարակական կազմակերպության շուրջ հակասականությունը օր օրի ավելանում է: MediaHub-ը դիմեց Պաշտպանության նախարարությանը՝ որոշ հարցերի մանրամասներ ստանալու համար:

ՀՀ ՊՆ-ից ստացված պատասխանում, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր 2023 հոկտեմբերի 31-ի հարցման՝ տեղեկացնում ենք,

«ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ-2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարությանն ուղղված դիմում, առաջարկ չի եղել: 

2023թ. օգոստոսին ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն է դիմել ՀՀ քաղաքացի Տիգրան Շահինյանը՝ մաշված անվադողերի միջոցով՝ կրակակետ պատրաստելու առաջարկով: ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունն աջակցել է Տ. Շահինյանին՝ «Բաղրամյան» զորավարժադաշտում տրամադրելով համապատասխան տարածք: Տ. Շահինյանը պատրաստել է կրակակետը, օգտագործելով` 3.5մ տրամագծով 1 հատ մեծ և 27 հատ փոքր անվադողեր, 15-20 հատ կոճափայտ (երկաթգծի փայտե շպալ), 15-20 հատ հողակիր պարկ: 

Բոլոր միջոցները եղել են նախկինում օգտագործված և դրանց ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվել: Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել, եւ դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է:

Այն մասին, որ նշված կառույցը կոչվում է «Գմբեթ-2», ԶՈՒ ինժեներական վարչությունը տեղեկացել է ավելի ուշ՝ 2023թ. սեպտեմբերին, Շահինյանից: Շահինյանը չի ներկայացել որպես «ՈՄԱ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ և հետագայում, հարցին, թե արդյո՞ք անդամակցում է վերոհիշյալ կազմակերպությանը, պատասխանել է, որ համագործակցում է «ՈՄԱ» հասարակական կազմակերպության հետ:

ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, և «ՈՄԱ» հասարակական կազմակերպությունը «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել եւ չի կատարում։

ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի Հանրապետության սահմանային և թիկունքային Հանրապետության սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է եւ այն իրականացնելու ընթացքում նյութական եւ ֆինանսական աջակցության կարիք չունի: ՀՀ պետական բյուջեից պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»:

Հիշեցնենք, ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ «ՈՄԱ»-ի հիշյալ նախաձեռնությունն, ինչպես նաև առհասարակ որևէ դրամահավաք ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ։

Նարե Գնունի