Չվերթները չեղարկվել են

Չվերթները չեղարկվել են

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը չեղարկել է Երևանի տարանցիկ ճանապարհով Թբիլիսի-Մոսկվա թռիչքները՝ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ չվերթների վերականգնման մասին հայտարարությունից հետո։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այո, մենք մայիսի 20-ից հետո չեղարկել ենք բոլոր տարանցիկ չվերթները»,- չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ավիաընկերությունից։

Ճշտող հարցին, թե գնված տոմսերի գումարը կվերադարձվի՞ ուղևորներին, թե՞ դրա դիմաց ուղիղ չվերթ կտրամադրվի նույն ամսաթվերին, ավիաընկերությունից ասել են, որ որոշումը դեռ կայացված չէ, և որ կոմերցիոն վարչությունը լուծում է «Էյր Դիլիջանս» հայկական ավիաընկերության կողմից Երևանով տարանցիկ թռիչքների համար գնված տոմսերի հարցը և մինչև օրվա վերջ ուղևորները տեղեկատվություն կստանան։
Միաժամանակ Georgian Airways-ը վստահեցրել է, որ Երևանով նախատեսված չվերթները, որոնք նախատեսված էին մինչև մայիսի 20-ը, կիրականացվեն։

Ավելի վաղ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտնել էր, որ Georgian Airways-ը մայիսի 20-ից կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով՝ շաբաթական յոթ անգամ հաճախականությամբ։ Նույն օրը երեկոյան ավիաընկերության կայքում բացվել է Մոսկվայի ուղղությամբ տոմսերի վաճառքը։ Միաժամանակ, վաճառքից անհետացել են «Էյր Դիլիջանս»-ի տարանցիկ չվերթները Երևանով, որոնք նախկինում վաճառվում էին Georgian Airways-ի կայքում։