Պապոյան կա, ասում է՝ «մի՛ փռշտացեք, Ադրբեջանը պատերազմ կսկսի»․ Զոհրաբյան

Պապոյան կա, ասում է՝ «մի՛ փռշտացեք, Ադրբեջանը պատերազմ կսկսի»․ Զոհրաբյան

Ինչո՞ւ հայկական պավիրակությունը ԵԽԽՎ ղեկավարությունից չի պահանջում՝ դադարեցնել կազմակեպությունում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամակցությունը ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը չբացելու փաստը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանը հիմա չունի ադեկվատ աշխատող խորհրդարանական դիվանագիտություն։ Ըստ նրա, իշխանական պատգամավորները վախենում են Ադրբեջանի ռեակցիայից։ 

«Պապոյան կա, ասում է՝ «մի՛ փռշտացեք, Ադրբեջանը պատերազմ կսկսի»։ Երեւի վախենում են նման հարց բարձրացնեն։ Այսօր Ադրբեջանն այնքան իրեն անբարո եւ ցինիկ է պահում, որ ընդամենը մի քանի ժամով բացում է Արցախի գազը ու փակում։ Ադրբեջանական լրահոսում մի նյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, թե ինչպես են սովի մատնում արցախցիներին, որպեսզի խելոք ու հնազանդ վանդակից դուրս գան ու ընդունեն իրենց մեկնված հացը։ Եթե առաջ ԵԽԽՎ-ն դիվանագիտական այն հարթակն էր, որտեղ Հայաստանը մշտապես հաղթել է Ադրբեջանին, հիմա խորհրդարանական եւ արտաքին քաղաքական դիվանագիտությունը ուղղակիրորեն ջախջախված է։ Ես չգիտեմ՝ ինչով են զբաղված միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակությունները։ Մենք այսօր ունենք ամենադիլետանտ խորհրդարանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։ 

Հաագայի բարձրագույն դատարանը, Եվրոպարլամենտը մեկը մյուսի ետեւից որոշումներ ընդունեցին՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ, սակայն Ադրբեջանը չի կատարում միջազգային կառույցների պահանջները։ Զոհրաբյանի խոսքով՝ տեւական ժամանակ է այլեւս հումանիտար աղետ է Արցախում, ձեթը, շաքարավազը անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին է տրվում, այն էլ՝ կտրոնով։ 

«Նույն ԵԽԽՎ-ն մեկ ամիս առաջ ընդունեց հայտարարություն եւ բանաձեւ, որտեղ «խստագույնս» դատապարտում է Ադրբեջանին, բայց այդ բանաձեւերը ցավոք որեւէ պատժամիջոց, սանկցիա չեն ենթադրում Ադրբեջանի հանդեպ։ Այստեղ հարցը ոչ միայն միջազգային հարթակներում կոֆե խմող մեր պատվիրակություններն են, այլեւ՝ միջազգային հանրությունն է խնդիրը։ Ես չեմ կարծում, որ եթե միջազգային հանրությունը որոշի սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ՀՀ իշխանական պատգամավորները կկարողանան դա կասեցնել»,-ընդգեց նա։ 

Արարատ Միրզոյանը, կրկին անդրադառնալով արցախահայության անվտանգությանը, նշել է, որ ավելի շատ միջազգային ջանքեր են պետք՝ էթնիկ զտումները կանխելու համար։ Երբ միջազգային կառույցների պահանջները Ադրբեջանը չի կատարում, ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը շարունակում ապավինել նրանց օգնությանը։ 

«Երբ զրուցում եմ միջազգային կառույցների իմ գործընկերների հետ, բոլորը տալիս են մեկ պատասխան՝ Նիկոլը դժվարացրել է մեր աշխատանքը։ Նիկոլի թեթեւ ձեռքով Արցախի հարցը Պրահայում եւ դրանից հետո ազմաթիվ այլ հարթակներում դարձել է այլեւս Ադրբեջանի ներքին խնդիր, իսկ միջազգային որեւէ իրավունքով մենք իրավունք չունենք միջամտելու այս կամ այն սուվերեն պետության ներքին խնդրին։ Ահա միջազգային կառույցների պատասխանը։ Իմ բոլոր հարցերը նրանք ուղղում են հետադարձ հասցեով»,-հավելեց Զոհրաբյանը։

Լիա Սարգսյան