Իշխանությունը շարունակում է անդառնալի վնասներ հասցնել մեր պետականությանը․ 5165 շարժում

Իշխանությունը շարունակում է անդառնալի վնասներ հասցնել մեր պետականությանը․ 5165 շարժում

Սիրելի համակիրներ, հարգելի հայրենակիցներ,

Հայաստանին խորը ճգնաժամի մեջ ներքաշած իշխանությունը շարունակում է անդառնալի վնասներ հասցնել մեր պետականությանը և ինքնիշխանությանը։ Այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը սահմանազատման քողի տակ միակողմանիորեն Տավուշից բնակավայրեր է զիջում մի երկրի, որը չի պատրաստվում խաղաղության, այլ առավոտից երեկո թշնամանք է քարոզում և ագրեսիա դրսևորում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։

Ավելին, սիրո և համերաշխության, ժողովրդավարության և արդարության կոչերով իշխանություն ստացած ուժը շարունակաբար ատելություն և պառակտում է սերմանում մեր հասարակության մեջ, դրսևորում է դիկտատուրային բնորոշ վարքագիծ, չի հանդուրժում քաղաքացիների հիմնարար իրավունքների դրսևորումը։ Սովորական են դարձել քաղաքացիական դիրքորոշում արտահայտող մարդկանց նկատմամաբ ոստիկանական բռնությունը և իրավապահ համակարգի ուղղորդվող պատժիչ գործունեությունը։ Այս ամենն արձանագրում են նաև մարդու իրավունքներով զբաղվող միջազգային համապատասխան կառույցները։

Փաշինյանական իշխանությունը աննախադեպ վնաս է հասցրել մեր պետությանը, թե՜ մարդկային կորուստների, թե՜ տարածքային կորուստների, թե՜ նյութական կորուստների տեսանկյունից, հեղինակազրկել է մի ամբողջ ազգի։ Սուտը և ժողովրդին մոլորության մեջ պահելը այս իշխանության դրոշմակնիքներն են, որոնք վաղուց արդեն դիմակազրկված են։

Այս իրավիճակում ներքին պառակտվածությունը, տարաձայնությունները և անվստահության մթնոլորտը միմիայն օգնում են փաշինյանական կառավարութանը հերթական հաջողությունը գրանցել Հայաստանի պետականության հիմքերը խարխլելու ճանապարհին։ Այս իշխանությունների հենարաններն են վարչական ռեսուրսը և բացառապես նյութական շահ հետապնդող անհատներն ու ուժերը։

5165 Շարժումը կոչ է անում այս իրավիճակից տագնապած և կենսունակություն ունեցող ուժերին միավորվել ընդամենը մեկ նպատակի՝ Հայաստանի անվտանգության ապահովման շուրջ։ Հավատացած ենք, որ հնարավոր է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնությունները և լծվել մեր պետականությունը և ինքնիշխանությունը ապահովելու գործին։ Գործով ապացուցենք մեր հավատարմությունը Հայաստանին և ազգային արժեքների։ Մենք արել և անելու ենք հնարավորը կենսունակ ազգային ուժերի համախմբման համար։ Պատրաստ ենք մեկ սեղանի շուրջ նստել բոլոր սրտացավ և պետականամետ ուժերի հետ՝ համատեղ գտնելու խորացող այս ճգնաժամից դուրս գալու ուղիները։

5165 շարժում