Բելառուսական բիզնեսն աշխատելու է և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի հետ. այդ թվում՝ Արցախում

Բելառուսական բիզնեսն աշխատելու է և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի հետ. այդ թվում՝ Արցախում

Տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական բիզնեսը հեռանում է Բելառուսից, և բացատրությունն այն է, որ Բելառուսը Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է։ 

Սրան զուգահեռ ավելի են ակտիվանում խոսակցությունները, որ բելառուսցի գործարարները ակտիվ ներգրավված են լինելու օկուպացված  Արցախում ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներում: Արդյո՞ք այս ամենը կազդի հայ-բելառուսական հարաբերությունների վրա. այս և այլ  հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց Բելառուսի Ազգային ժողովի միջազգային հարցերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Ռուսակովիչի հետ։ 

«Բելառուսի ընդհանուր մոտեցումն է հետխորհրդային տարածքի երկրների հետ տարբեր ոլորտներում բարեկամական, ամուր հարաբերությունների զարգացումը։ Կան պատմական կապեր, որոնք մեզ կապում են։ Ներկայումս Բելառուսն ավելի ակտիվ է աշխատում իր դաշնակիցների հետ՝ առաջին հերթին ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում։ Ե՛վ մենք, և՛ Հայաստանը միասին այնպիսի միավորումների մաս ենք կազմում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Ես կցանկանայի կանգ առնել Եվրասիական տնտեսական միության վրա»,- ասաց նա։

Անցած տարեվերջին, շարունակեց Ռուսակովիչը, տեղի ունեցան այս տնտեսական միավորման բարձրագույն մարմինների հանդիպումները։ Եվ, իհարկե, հայտարարվեց, որ միջնաժամկետ հեռանկարում նոր ռազմավարություն է ընդունվել:

Ըստ Ռուսակովիչի՝ երկրներն ունեն բավականին շատ ընդհանուր շփման կետեր և ընդհանուր խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Նա նշեց, որ երկու երկրներն էլ քիչ բնական ռեսուրսներ ունեն, ուստի պետք է ապավինեն նորագույն տեխնոլոգիաներին, դրանց զարգացմանը և այլն։ Այս պարագայում երկրներին աջակցում է Եվրասիական տնտեսական միությունը՝ լինելով լավ հարթակ տնտեսական նախագծերի զարգացման համար։ Այսինքն, պետք է ձգտել ապահովել, որ ԵԱՏՄ-ում ձևավորվի միասնական տնտեսական տարածք՝ հավասար պայմաններ բիզնեսի համար, առանց խոչընդոտների առևտուր, միմյանց հետ բիզնես հիմնելու հնարավորություն և այլն։

«Բելառուսը շատ ակտիվ աշխատում է Հարավային Կովկասում։ Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Վրաստանի, և՛ Ադրբեջանի հետ, առաջին հերթին կառուցել ենք պրագմատիկ տնտեսական հարաբերություններ։ Հաշվի առնելով մեր տնտեսությունների լիարժեքությունը՝ մենք աշխատում ենք ամենուր, բոլոր երկրների հետ։ Բայց այս դեպքում շատ բան կախված է այնպիսի բաներից, ինչպիսիք են Հայաստանի շուկայի ծավալը, օրինակ, ինչպիսին է այն հարևան Վրաստանի կամ Ադրբեջանի շուկաների համեմատ: Այստեղ կարևորն այն է, որ, իմ կարծիքով, վերջին շրջանում կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել Հարավային Կովկասում։ Տարածաշրջանում նոր իրողություն է ձևավորվում, և այդ իրողության շրջանակներում բելառուսական բիզնեսը աշխատելու է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,- շեշտեց Ռուսակովիչը։

Նա նշեց, որ բելառուսական բիզնեսն աշխատելու է այն կանոնների շրջանակներում, որոնք ճանաչված են միջազգայնորեն, միջազգային սահմաններով և հաշվի առնելով այն հատկանիշները, որոնք առկա են Եվրասիական տնտեսական միությունում։

Մարիաննա Արամյան