Աֆրիկյան պինգվինները անհետանում են

Աֆրիկյան պինգվինները անհետանում են

Առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում ամբողջական անհետացում է սպառնում աֆրիկյան պինգվիններին, որոնք ապրում են մայրցամաքի հարավ-արեւմուտքում՝ Հարավային Աֆրիկայում եւ Նամիբիայում: Այս մասին հայտարարել է ափամերձ թռչունների հետազոտության եւ պահպանման հարավաֆրիկյան հիմնադրամի ղեկավար Կատրին Լուդինիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայումս Հարավային Աֆրիկայում ապրում է ընդամենը 10 000 պինգվին, թեեւ 100 տարի առաջ նրանք մի քանի միլիոն էին», - ասել է նա: «Մեր մաթեմատիկական մոդելները ցույց են տալիս, որ պինգվինների թվի կրճատումն այնքան դինամիկ է դարձել, որ մի քանի տասնամյակ անց Հարավային Աֆրիկայում ոչ մի պինգվին չի մնա»,- հավելել է նա։

Գիտնականները մոլորակի այս հատվածում պինգվինների թվի նվազման հիմնական պատճառ են նշում Հարավային Աֆրիկայի եւ Նամիբիայի արեւմտյան ափերի մոտ ձկների պակասը։ 

Աֆրիկյան պինգվինները գրանցված են Միջազգային Կարմիր գրքում որպես անհետացող տեսակներ: Այս թռչունները գտնվում են Հարավային Աֆրիկայում պետական ​​պաշտպանության ներքո: