Փաշինյանը «նախապատրաստվում» է մոսկովյան այցին

Փաշինյանը «նախապատրաստվում» է մոսկովյան այցին

Ապրիլի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին- առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջիններս Պուտինին պատմել են իրենց բրյուսելյան բանակցությունների մանրամասների մասին։ Հայտնի է դարձել նաև, որ Փաշինյանը ապրիլի 19-ին ժամանելու է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։

Ապրիլի 8-ին Մոսկվայում կայացած Սերգեյ Լավրով- Արարատ Միրզոյան բանակցությունները հարթ չեն անցել, ինչի վկայությունն է նախարարների համատեղ ասուլիսը։ Դրա ընթացում Լավրովը հայտարարություն էր հնչեցրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուցիոնալ վախճանի մասին, ինչին փորձել էր հակադրվել Միրզոյանը։

Փաշինյանի մոսկովյան այցից առաջ պաշտոնական Երևանը՝ իրեն լոյալ գործիչների ու ԶԼՄ-ների միջոցով, շարունակում է Լավրովին «սխալ հանելու» քաղաքականությունը։

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցման հարցում։

Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Լուրերի» հարցմանն այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը հանձնառո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին համահունչ՝ Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորման գործընթացին: «Լուրերը» հիշեցրել էր, որ նախօրեին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր․ «Մեր, այսպես կոչված, ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսաֆոբ մոլագարության մեջ ձգտելով չեղարկել ՌԴ-ի հետ կապված ամեն բան, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ  ձևաչափում»։ 

«Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական շփումը և շարունակել օգտվել ուղղակի շփման համար առկա մեխանիզմներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ վերջինիս արդյունքում առաջացած խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու նպատակով և կարգավորել հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի հասնելու եղանակով»,- նշված է պատասխան նամակում։

Պետքարտուղարությունից հայտնել են. «Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստ լինել աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այս նախաձեռնություններում, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ ՄԽ մեր կարողությունների շրջանակում»։

Ավելի ուշ, Փաշինյանի լատենտ պաշտպաններից Արման Բաբաջանյանը գրեց, թե ի պատասխան Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Մինսկի խմբի վախճանի վերաբերյալ արած հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆելը ժամանում է Հայաստան, առաջիկայում Հայաստան կայցելի նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Այսպիսով՝ Փաշինյանի մերձավոր շրջապատը հանգստյան օրերին «ապտակներ» էր հասցնում Լավրովին։

Սակայն միանգամայն այլ է իրականությունը։

Պետդեպի հայտարարությունից էքստազի մեջ հայտնված մեր որոշ գործիչների հանգստացնենք` Լավրովի պնդումը, բայց ավելի դիվանագիտական ձևակերպումներով, արել են նաև Վաշինգտոնում։ 

Պետդեպի տեքստի բանալին «ուղղակի շփման» կոչն է Հայաստանին ու Ադրբեջանին։

Այլ խոսքով, Վաշինգտոնը հասկացնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնի միջնորդական առաքելության հետ կապված պատրանքներ չունենան ու հույսը դնեն ուղղակի երկխոսության վրա։

Եթե այս ճշմարտությունները Երևանում չեն հասկացել, ապա Փաշինյանին իրապես ծանր զրույց է սպասվում Մոսկվայում։

Վահրամ Բագրատյան