Ո՞վ արգելեց ընդդիմադիր պատգամավորների այցն Արցախ

Ո՞վ արգելեց ընդդիմադիր պատգամավորների այցն Արցախ

Խորհրդարանական ընդդիմությունը երեկ հայտարարել է ԱԺ նիստերը բոյկոտելու և Արցախ մեկնելու մասին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն  հայտարարել է, թե Հայաստանի և Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված միջազգային գլոբալ ճգնաժամով, նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով։

Նա ընդգծել է, որ անընդունելի են համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ 
Օհանյանի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունն իրեն իրավիճակին ոչ համարժեք է դրսևորում։ «Ելնելով ստեղծված վիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը, հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգը, հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին։ Մենք մեկնում ենք Արցախ և սահմանամերձ մարզեր»,- ասել է նա։

Ելույթի ավարտին Օհանյանը նաև ԱԺ ամբիոնին տեղադրել է Արցախի դրոշը։
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքել են դահլիճը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ելույթի համար մոտենալով ԱԺ ամբիոնին, այնտեղից հեռացրել է ընդդիմության տեղադրած Արցախի դրոշը։
Սակայն Ալեքսանյանի՝ Արցախի դրոշն ամբիոնից հեռացնելու քայլն «ամենաանմեղն» էր, որովհետև դրանից հետո ելույթ են ունեցել ՔՊ պատգամավորները, որոնք, չգիտես ինչու, փոխլրացնելով միմյանց՝ ընդդիմության այցն Արցախ վտանգավոր էին համարում արցախցիների անվտանգության համար։ Իշխանական պատգամավորների ելույթների ընդհանրական ամփոփում կարելի է համարել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքը, որում նա ընդդիմադիր խմբակցություններին համարեց «պատերազմի մունետիկներ»։

Երեկվա իրադարձությունները սրանով չավարտվեցին ու դրամատիկ ընթացք ունեցան։
Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ, ընդ որում՝ առանց որևէ պատճառաբանության։
Երևան վերադարձող ընդդիմադիր պատգամավորներն ուղղակի կապ են տեսնում ՔՊ խմբակցության երեկ առավոտյան ունեցած ելույթների ու Արցախ մուտք գործելու ճանապարհին իրնեց հանդիպած խոչընդոտի միջև՝ պնդումներ անելով, որ տեղի ունեցածում տեսնում են Նիկոլ Փաշինյանի կամ նրա ու Իլհամ Ալիևի «ականջները։
Արդեն ակնհայտ է, որ Աղավնոյի երեկվա միջադեպը ներքաղաքական նոր էսկալացիա է հարուցելու Հայաստանում, ինչի մասին սոցիալական ցանցերում գրում էին ընդդիմության կողմնակիցները։
Սակայն պաշտոնական Երևանն ոչ միայն չի կիսում ընդդիմադիր պատգամավորների վարկածը, այլ նաև բողոքել է ռուս խաղաղապահների գործողությունների դեմ։

Հայաստանի արտգործնախարարությունը մտահոգված է այն փաստով, որ «Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ»: Նշված գործողությունը, ինչպես նշված է ԱԳՆ հայտարարությունում, «հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ»: Դժվար չէ կանխատեսել, որ երեկվա զարգացումները շարունակություն են ունենալու, մանավանդ, որ այսօր վարչապետն ու նախարարներն ԱԺ-ում պատասխանելու են  պատգամավորների հարցերին։

Վահրամ Բագրատյան