Անիմաստ իրավական կարգավորում է․ սննդագետը՝ կտրատած ձմերուկի վաճառքն արգելելու մասին

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքի պայմանները և սահմանել դրույթ՝ արգելելով դրանց վաճառքը կտրված կամ մասերով, քանի որ վաճառողները շատ դեպքերում կտրելիս չեն պահպանում հիգիենայի կանոնները։
«Չկա երաշխիք, որ կտրելուց առաջ ձմերուկը կամ սեխը լվացվել է կամ ի՞նչ դանակով, որ կտրել են լվացել են, թե ոչ և արդյո՞ք դրանից առաջ ուրիշ ապրանք չի կտրվել։ Այս համատեքստում, չպահպանելով հիգիենիկ նորմերը, հատկապես շոգ եղանակին նպաստավոր պայմաններ է ստեղծվում միկրոօրգանիզմների բազմացմանը՝ առաջացնելով աղիքային տարբեր խանգարումներ և հիվանդություններ։ Հաջորդ փոփոխությամբ կփոփոխվի ճաշացուցակին ներկայացվող պահանջները՝ ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորություն գցող գործողությունները»,- ասվում է նշված նախագծում։
Սննդագետ Դավիթ Պիպոյանի խոսքով՝ այդ տրամաբանությամբ Հայաստանում պետք է ամեն ինչ արգելվի՝ կտրած պանիր կամ երշիկ վաճառելն, օրինակ։
«Սննդամթերքի անվտանգության միջոցառումներն ու իրավական միջոցառումները պետք է հիմնվեն ռիսկերի գնահատման վրա։ Երբ կա հանրային առողջապահական ապացուցված խնդիր, մշակվում են համապատասխան միջոցառումներ»,- նշեց Պիպոյանը։
Նրա խոսքով՝ ձմերուկը բուսական ծագում ունի, ուստի դա կտրատելը շատ ավելի քիչ ռիսկեր է պարունակում, քան կտրատած երշիկը կամ պանիրը։
«Եվ կան հստակ հետազոտություններ, որոնք ցույց են տվել՝ երշիկի ու պանրի կտրատումն իրականացվում է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում։ Եթե դրանց կտրատած վաճառքն արգելուն միտված քայլեր արվեին, ես կհասկանայի։ Քանի որ կար առողջապահական ապացուցված խնդիր»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է այս նախագծին, ապա Դավիթ Պիպոյանը նշեց՝ պետք է հստակ ապացուցվի, թե երբ է եղել ախտահարման դեպք կտրատած ձմերուկից և ում մոտ։
«Սա հերթական անիմաստ իրավական կարգավորումներից մեկն է, որն արվում է՝ ելնելով աչկակապությունից»,- ամփոփեց խոսքը սննդագետը։
Նարե Գնունի