Որդին չի մասնակցել հոր հուղարկավորությանը․ Ստեփանակերտ տանող ճանապարհը ադրբեջանցիների հսկողության տակ էր

Գրիգորյանների ընտանիքը Մարտունու շրջանի Գիշի գյուղից է տեղահանվել։ Վիկտորյան պատմում է, որ ամուսնու՝ Սևակի ծառայության հետ կապված վերջին 17 տարին ապրել են Մարտունի քաղաքում։ Սևակը առաջնագծում էր, Վիկտորյայի խրամատը՝ դպրոցում սերունդներ կրթելը։
Երիտասարդ կինը 4 երեխաների մայր է։ Հիմա արդեն ընտանիքի հոգսն ու ծանրությունը, երեխաներին կրթելու, դաստիարակելու առաքելությունը կրում է մենակ։
Ընտանիքի պատմությունը MediaHub-ին պատմելով՝ Վիկտորյան մտովի տեղափոխվում է հայրենի Արցախ, որտեղ երջանիկ էր, չէր տրտնջում անգամ բլոկադայի օրերին։
«Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, ամուսինս դիրքերում էր, ես երեխաներիս հետ դպրոցում, ավագ որդիս՝ Ստեփանակերտում, ուսանող է բժշկական քոլեջում։ Մենք արագ իջել ենք նկուղ, երեխաներին տեղավորել եմ այնտեղ ու դուրս եկել, որ կապ հաստատեմ ամուսնուս հետ։ Չստացվեց։ Ծանր մարտեր էին ընթանում և մեր բանակն ամեն ինչ անում էր Մարտունին ու հարակից գյուղերը պաշտպանելու համար։ Նույն օրը երեկոյան Սևակը զոհվել է։ Ես հաջորդ օրն եմ իմացել»,- ասում է նա։
Սեպտեմբերի 20-ին Վիկտորյային հայտնում են իր կյանքի ամենավատ լուրը․ «Ու աշխարհը փուլ եկավ գլխիս»...
Ընկերները հետո պատմել են, որ դիրքը, որտեղ վերջին անգամ եղել է Սևակը, ռազմավարական կարևոր նշանակություն ուներ, բարձրադիր գոտում էր։ Ադրբեջանցիները գրավել են այն։ Մի քանի ժամ հայկական զինված ուժերը կռիվ են տվել ու նորից ազատագրել բարձունքը։ Դիպուկահարի կրակոցից Սևակ Գրիգորյանն անմահացել է տեղում։
«Երբ եկավ հուղարկավորության օրը, արդեն զինադադար էր, բայց ամբողջ շրջանը մնացել էր շրջափակման մեջ։ Չեմ ուզում հիշել այդ ծանր օրը։ Ավագ որդիս նույնիսկ չկարողացավ մասնակցել հուղարկավորությանը, Ստեփանակերտում էր։ Սևակը լավ հայր էր, լավ ամուսին էր, ամենից առաջ ծնողամեծար զավակ էր։ Նրա զոհվելուց հետո անիմաստ դարձավ ամեն ինչ։ Գիտակցումը, որ Սևակը չկա, արդեն կես մարդ է դարձրել...»,-պատմում է կինը, ցույց տալիս ամուսնու զինվորական անցած ճանապարհից մնացած ամենաթանկ հուշերը՝ պատվոգրերը, մեդալները, նկարներն ու զինվորական իրերը, որոնք առաջինն է հանել փաստաթղթերի ու երեխաների հագուստների, ինչպես նաև հայրենի գյուղից մի բուռ հողի հետ։
Վիկտորյայի սիրտը մղկտում է, ամուսնու գերեզմանը մնացել է Արցախում։ Սգալու, ծաղիկ խոնարհելու, նրա հետ զրուցելու, ցավից ծանրացած սիրտը թեթևացնելու տեղ չունի։ Մորը սփոփում են զավակները, մայրը չի դժգոհում, լավ են սովորում։ Մեկ-մեկ փոքրը՝ Մարիան, չարաճճիություն է անում, բայց դա էլ է շեղում Վիկտորյային։ Նրանցից յուրաքանչյուրի պահվածքում, բնավորության մեջ ու խոսույթում, մայրը փնտրում է Սևակին։
Երևանում Վիկտորյան իր վարձակալած տանը պատվերներով զբաղվում է արցախյան փախլավաների արտադրությամբ։ Ասում է. «Պիտի այնպես անեմ, որ երեխաներիս վիզը ծուռ չթողնեմ, որ ինչպես Սևակն է երազել, բոլորին իրենց նպատակներին հասցնեմ, Հայաստանին պիտանի սերունդ մեծացնեմ»։
Հունան Թադևոսյան