Խորհրդարանական ընդդիմության մայրամուտը

Խորհրդարանական ընդդիմության մայրամուտը

«Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է»,- այսպես «Հայաստան» խմբակցությունը հանգուցալուծեց իր վեճը պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ:

Նազարյանը վաղուց այս խմբակցության «դիվերգենտն» էր, ինչը տեսանելի էր անգամ անզեն աչքով, բայց հավատացեք՝ խորհրդարանական ընդդիմության ճգնաժամը համակարգային բնույթ ունի ու ավելի վաղուց է սկսվել, քան նույնիսկ Իշխան Զաքարյանը հեռացավ «Պատիվ ունեմ» խմբակցությունից:

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանում հայտնվել են ընդամենը մեկ առաքելությամբ՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

Ընտրություններով նրանք այդ խնդիրը չլուծեցին, բայց առնվազն մինչև Դիմադրության շարժման ավարտը հասարակությանը համոզում էին, որ իրենց հիմնական հարթակը փողոցն է:

Ահա, այս շարժման ձախողումից հետո, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները գնացին անգամ ինստիտուցիոնալ պառակտման, ինչից հետո ամբողջությամբ պարզ էր՝ նրանց քաղաքական առաքելությունը սպառված է, եթե նույնիսկ ֆորմալ առումով «առնետավազքը» զանգվածային չէ:

Ի դեպ, գոնե մի հարցում Գեղամ Նազարյանի «անկեղծությունը» օբյեկտիվ հիմք ունի. խորհրդարանական ընդդիմության օրակարգում իշխանափոխության հարց չկա, հակառակ պարագայում՝ իմպիչմենթի գոնե մեկ հնարավորություն կօգտագործվեր:

Հարցն այն չէ, որ խորհրդարանական ընդդիմությունն իշխանափոխություն չի ցանկանում. պարզապես ցանկությունն ու կարողությունը չեն համընկնում:

Սուրեն Սուրենյանց