Բերդը վերածում են բանտի

Բերդը վերածում են բանտի

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝   Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է, որը գործուն ջանքերով նպաստում է Նիկոլ Փաշինյանի՝ բռնապետություն հաստատելու փորձերին: 

Հացադուլ 

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համարը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Նրան մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին Սամվել Հովսեփյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Վերջինիս տեղափոխել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ հոկտեմբերի 1-ից Ս. Հովսեփյանը հացադուլ է հայտարարել:

«Զորավոր համայնք» դաշինքը` գործող համայնքապետ, մոտ մեկ տարի կալանավորված Հարություն Մանուչարյանի գլխավորությամբ,  Բերդ համայնքի ավագանու սեպտեմբերի 25-ի ընտրություններում, մոտ 1500 ձայն ավելի է ստացել ՔՊ-ից։ Եվ մանդատները բաշխվել են այսպես․ «Զորավոր համայնք»՝ 11, ՔՊ՝ 8, «Արժանապատիվ սերունդ»՝ 2 մանդատ։ 

Օրենքի ուժով հենց Մանուչարյանն է դառնում համայնքապետ, սակայն իշխանությունները դիմում են ռեպրեսիվ մեթոդների՝ ավագանու աշխատանքները կաթվածահար անելու ու ի վերջո՝ նոր ընտրություններ անցկացնելու նպատակով: 

Արժանապատվության դեֆիցիտ 

Եթե Հայաստանը դեմոկրատական երկիր լիներ, կառավարող կուսակցությունը կընդուներ իր պարտությունը: Եթե ՔՊ-ն արժանապատվություն ունենար, Բերդը բանտի չէր վերածի՝ մի պարտության հետևանքով: Բայց ՔՊ-ն իր ավտորիտար ջանքերում մինչև վերջ է գնալու, մանավանդ, որ երեկ ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը կոալիցիա ձևավորվեցին ու ՔՊ-ին իշխանությունից զրկեցին նաև Ալավերդիում:

Վահրամ Բագրատյան