Արդյոք թալիբները կատարե՞լ են իրենց խոստումները. Աֆղանստանը` իշխանությունը վերցնելուց մեկ տարի անց

Արդյոք թալիբները կատարե՞լ են իրենց խոստումները. Աֆղանստանը` իշխանությունը վերցնելուց մեկ տարի անց

Մեկ տարի առաջ Աֆղանստանում իշխանությունը վերցրեցին թալիբները՝ զարմացնելով աշխարհին չափավոր քաղաքականության հռչակմամբ։ Հիմնական խոստումը կանանց իրավունքների պաշտպանությունն էր:

MediaHub.am-ը վերլուծել է` արդյոք կատարվել են իսլամիստների՝ մեկ տարի առաջ տրված խոստումները։

 

1. Երբ թալիբները ստանձնեցին իշխանությունը, շատերը վախենում էին, որ նրանց իշխանությունը նույնքան դաժան կլինի կանանց նկատմամբ, որքան 1990-ականներին: Սակայն 2021 թվականի օգոստոսին իր առաջին մամուլի ասուլիսում թալիբների խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդն ընդգծեց. «Կանայք շատ ակտիվ կլինեն հասարակության մեջ, բայց իսլամի պատվիրանների շրջանակներում»: Նրանք խոստացան, որ աղջիկները կկարողանան հաճախել դպրոց, կհարգվեն կանանց իրավունքները։ Որպես այս առաջարկությունների մաս՝ նրանց պետք է թույլ տրվեր աշխատել և սովորել: Բայց մեկ տարի անց էլ ոչ մի բան չփոխվեց:

Հասարակական վայրերում կանայք պետք է հագնեն հագուստ, որը ծածկում է նրանց ոտքից գլուխ։ Եթե ​​կինը չի թաքցնում իր դեմքը սեփական տանից դուրս, նրա հայրը կամ մերձավորները կարող են ձերբակալվել կամ ազատվել պետական ​​ծառայությունից: Կանանց արգելվում է օդանավ բարձրանալ առանց տղամարդ ուղեկցորդի։ Նման խնամակալը պետք է լինի ամուսինը կամ մերձավոր ազգականը, ով հասել է սեռական հասունացման: Աֆղանստանում հանրային զբոսայգիների հասանելիությունը սեռային տարբերակված է: Շաբաթական երեք օր նախատեսված է կանանց համար, չորսը՝ տղամարդկանց։ Այնուամենայնիվ, իշխանությունները հրաման են արձակել, որով կանանց խստորեն խորհուրդ է տրվում լքել իրենց տները միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Թալիբները նման որոշումները բացատրում են անվտանգության նկատառումներով։ Սակայն փորձագետները կարծում են, որ այդ սահմանափակումները չեն ենթարկվում իսլամական օրենքի: Աֆղանստանում բնակվող աստվածաբան Սայեդ Աբդուլ Հադի Հեդայաթը դեմ է թալիբների մանդատին, որ աֆղան կանայք ծածկեն իրենց մարմինները. «Մահմեդական երկրներն ու հոգևորականները համաձայն են բուն հիջաբի օգտագործման հարցում, սակայն դրա արտաքին տեսքի վերաբերյալ տարբեր տեսակետներ կան», - նշել է փորձագետը DW-ին տված հարցազրույցում:

 

2. Որոշ շրջաններում թալիբները նաև սահմանափակումներ են կիրառել աշխատանքային ոլորտներում. «Կին պետական ​​ծառայողների մեծ մասին հրամայված է մնալ տանը, բացառությամբ նրանց, ովքեր աշխատում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջությունը կամ կրթությունը», - նշվում էր Amnesty International-ի զեկույցում։ «Թալիբանի ռազմավարությունը կարծես թե կայանում է նրանում, որ թույլ է տալիս կանանց շարունակել աշխատել այնպիսի ոլորտներում, որտեղ տղամարդիկ չեն կարող փոխարինել»: Բազմաթիվ բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք ազատվել են աշխատանքից՝ նույնիսկ մասնավոր հատվածում: Նման մոտեցումը հակասում է իսլամական սկզբունքներին։ «Իսլամում կանանց նկատմամբ վերաբերմունքը հավասար է, հատկապես կրթության ոլորտում», - նշում է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի, East Bay-ի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների և իսլամական փիլիսոփայության պրոֆեսոր Ֆարիդ Յունուսը:

 

3. Իսլամական ուսմունքների համաձայն՝ կրթությունը պարտադիր է և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար: Համաձայն Amnesty International-ի՝ թալիբների կողմից սահմանված սահմանափակումների ու կանոնների դեմ բողոքող կանայք ենթարկվում են ոտնձգությունների, սպառնալիքների, ձերբակալությունների և նույնիսկ խոշտանգումների:

Թալիբների կողմից իշխանությունը ստանձնելուց մի քանի շաբաթ անց աղջիկներին թույլատրվեց վերադառնալ դպրոցներ՝ դասերը բաժանված էին ըստ սեռի: Սակայն ավագ դպրոցի աղջիկներին թույլ չեն տվել հաճախել պարապմունքների։ Սեպտեմբերի 21-ին թալիբների խոսնակ Մուջահիդն ասել էր, որ կրթության նախարարությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի հնարավորինս շուտ պայմաններ ստեղծեն աղջիկների համար միջնակարգ դպրոցներ հաճախելու համար: Սակայն ժամկետներ չէին նշվել;

Մարտին կրթության նախարարությունը հայտարարեց, որ դասերը բաց են լինելու բոլոր աշակերտների համար, այդ թվում՝ աղջիկների։ Սակայն հաջորդ օրը, երբ աղջիկներն առաջին անգամ հայտնվեցին դասի, նախարարությունը չեղյալ հայտարարեց իր հրամանը և աղջիկներին խնդրեց հեռանալ դպրոցներից։ Որպես պատճառ՝ նշվել են ուսուցիչների բացակայությունը և դպրոցական համազգեստի հետ կապված դժվարությունները: Խոստացվել է, որ հենց ծրագիրը մշակվի, «իսլամական իրավունքի և աֆղանական մշակույթի» համաձայն, աղջիկների համար դպրոցներ կբացվեն։ Այդ ժամանակից ի վեր ոչինչ չի եղել։

 

4. 2021 թվականի օգոստոսի 17-ին Մուջահիդը հայտարարեց. «Ես ուզում եմ հավաստիացնել բոլոր հայրենակիցներին, որ նրանք կարևոր են, անկախ նրանից՝ աշխատել են որպես թարգմանիչներ, մասնակցել են ռազմական գործողությունների, թե քաղաքացիական անձինք են. ոչ ոքից վրեժ չի լուծվելու»: Նա հավելեց. «Օկուպացիայի քսան տարիների ընթացքում հազարավոր զինվորներ կռվել են մեզ հետ, բոլորին ներում է շնորհվել»։ Ավելի ուշ Amnesty International-ը հաղորդել է «սպանությունների ալիքի մասին»։

Այնուամենայնիվ, Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNAMA) արձանագրում է առնվազն 160 ​​մահապատիժ, 178 կամայական ձերբակալություն, 23 բանտարկյալներ, որոնք պահվում են մեկուսացման մեջ, և 56 դեպք Թալիբանի կողմից քաղաքացիական և անվտանգության նախկին անձնակազմի խոշտանգումների դեպքերից, սկսած 2021 թվականի օգոստոսի 15-ից մինչև հունիսի 15-ը։

Նույն ճակատագիրը, ըստ ՄԱԿ-ի, արժանացել են Աֆղանստանում ահաբեկչական խմբավորման «Իսլամական պետություն» (ԻՊ) ճյուղի տասնյակ ենթադրյալ անդամներ, որոնք իրենց անվանում են ԻՊ-Խորասան և Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատ (ANF):

Աֆղանստանում մարդու իրավունքների աջակցության առաքելության զեկույցից կարելի է եզրակացնել, որ մի շարք դեպքերում համաներումներ չեն կիրառվել:

 

5. Թալիբները խոստացել են պահպանել լրատվամիջոցների անկախության և մամուլի ազատության սկզբունքները, քանի դեռ դրանք չեն խախտում թալիբների կողմից սահմանված «մշակութային շրջանակը»: Քաբուլում իշխանությունը ստանձնելուց ընդամենը մի քանի օր անց «Թալիբան» գրոհայինները սպանեցին DW-ի լրագրողի ազգականին: 2021 թվականի սեպտեմբերին Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) հաղորդել է, որ Աֆղանստանի Ազգային Ժուռնալիստների Միության (ANJU) ղեկավար Ֆահիմ Դաշտին սպանվել է թալիբների և Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի (NRFA) մարտիկների միջև բախման ժամանակ։

Իրավապաշտպան կազմակերպությունները կոնկրետ ապացույցներ չունեն, որ լրագրողներին սպանել են թալիբները։ Այնուամենայնիվ, կասկած չկա, որ մամուլի ազատությունը վատթարացել է այն բանից հետո, երբ թալիբները գրավեցին Քաբուլը: 2021 թվականի հուլիսին Աֆղանստանի խմբագրություններում աշխատող ավելի քան 10,000 մարդկանցից միայն 4,360-ն է մնացել. ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի: Համաձայն ANJU-ի և IFJ-ի ուսումնասիրության՝ թալիբների իշխանության գալուց հետո 318 ազգային լրատվամիջոցներ փակվել են:

Մարտին թալիբն արգելեց մի քանի միջազգային լրատվամիջոցների հեռարձակումը Աֆղանստանում, այդ թվում՝ BBC-ին, Ամերիկայի ձայնին և DW-ին: Մեկ ամիս անց առնվազն տասը լրագրող ձերբակալվեց։ ANJU-ի ուսումնասիրության համաձայն՝ տեղեկատվության հասանելիության բացակայությունը, ինքնագրաքննությունը, հաշվեհարդարից վախը և տնտեսական ճգնաժամը աֆղանական լրատվամիջոցների փլուզման հիմնական պատճառներն են։

 

6. Թալիբների իշխանության գալուց հետո նրանց խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդն ասաց. «Մենք հավաստիացնում ենք մեր հայրենակիցներին և միջազգային հանրությանը, որ մենք թմրանյութեր չենք արտադրի»: Նա հիշեցրել է, որ 2000 թվականին թալիբները զրոյացրել են կակաչի վրա հիմնված թմրանյութերի արտադրությունը։

Տասնամյակներ շարունակ Աֆղանստանը եղել է հերոինի և ափիոնի ամենամեծ արտադրողն ու արտահանողն աշխարհում: Համաձայն ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) ուսումնասիրության՝ 2020 թվականին այս երկիրն ապահովել է աշխարհի բոլոր ոչ դեղորայքային օփիոիդների մոտ 85%-ը։

Այս տարվա ապրիլի սկզբին թալիբներն արգելեցին կակաչի մշակումը և ֆերմերներին սպառնացին ազատազրկմամբ և արտերն այրելով, եթե նրանք խախտեն արգելքը: Ներքին գործերի փոխնախարար մոլլա Աբդուլհակ Ախունդը AP-ին ասել էր, որ թալիբներն աշխատում են այլ կառավարությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ գտնելու այլընտրանքային մշակաբույսեր՝ ֆերմերների համար եկամուտ ստանալու համար:

Առայժմ թալիբները, ըստ երևույթին, պահում են այդ խոստումը: Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն՝ Աֆղանստանում կակաչի արտադրությունը գրեթե զրոյի է հասել այն բանից հետո, երբ թալիբներն արգելել են դրա մշակումը 2000 թվականին, այն նորից սկսել էր աճել 2001 թվականի վերջին՝ ռեժիմի տապալումից հետո:

Այնուամենայնիվ, փորձագետները կասկածում են, որ օփիոիդների արտադրությունը վերացնելուն ուղղված ջանքերն այս անգամ արդյունավետ և կայուն կլինեն: Ի վերջո, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը երկրի տնտեսության կարևոր մասն է: 2021 թվականին դրանից եկամուտը կազմել է 1,8-ից 2,7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Թմրանյութերից ստացված ընդհանուր արժեքը կազմել է Աֆղանստանի ՀՆԱ-ի 9-14 տոկոսը:

 

Ռեբեկա Հովհաննիսյան