Չորեքշաբթին Բաքվից զանգի օրն է. ի՞նչ են պատմում Արցախի ղեկավարության հարազատները

Երեկ մամուլում տարածվեց Ադրբեջանի գլխավոր դատախազի հայտարարությունը, որ Ադրբեջանում ապօրինի բանտարկված Արցախի նախկին ղեկավարության դեմ հարուցված քրեական գործերը շուտով կներկայացվեն դատարան։
«Թե ինչ որոշում կկայացնի Բաքվի դատարանը, չեմ կարող ասել, բայց հույս ունեմ, որ ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլ Բաքվում պահվող բոլոր ռազմագերիների և պատանդառվածների նկատմամբ արդար որոշում կկայացվի, բոլորը կգան։ Այստեղ շատ կարևոր է միջազգային իրավապաշտպան համայնքների ճնշումները։ Այս թեման պետք է մշտապես թեժ պահել։ Լրատվամիջոցներով անընդհատ աղաղակելու առիթը չպետք է բաց թողնենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի մտերիմներից մեկը՝ իր զարմանքը հայտնելով այս հարցով Հայաստանի իշխանությունների լռությանը։
«Չորեքշաբթի օրը Բաքվից դեպի Հայաստան զանգի օրերն են, բոլորս անհամբերությամբ սպասում ենք այդ օրվան, թեկուզ զրույցի բովանդակությունը մի՛շտ նույնն է»,- MediaHub-ին այսպես են արձագանքել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ընտանիքների անդամները։
«Իրենք հարցնում են մեր որպիսությունից, մենք՝ իրենց։ Ասում են՝ «լավ ենք», բայց արդյո՞ք լավ են։ Կարմիր խաչի առաքելությունն է հաճախ այցելում, կապ պահպանում ենք, բայց զանգերը միայն ձայնային են, տեսազանգն արգելվում է։ Հիմնականում կենցաղային մակարդակի հարցերի շուրջ է ծավալվում զրույցը։ Դատական գործընթացից չենք հարցնում, հավանաբար իրենք էլ տեղյակ չեն»,- նշեցին հարազատները։
Արցախից պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների ընտանիքների անդամները ծանոթացել են Ադրբեջանի գլխավոր դատախազի հայտարարությանը և հույս են հայտնում, որ դատարանի որոշմամբ Հայաստան կվերադառնան ինն ամիս անազատության մեջ գտնվող իրենց հարազատները։
Նշենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը նաև տեղեկացրել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն արդեն ավարտվել է։
Հունան Թադևոսյան