Ազգային հերոս, ԶՈւ գեներալ-մայոր․ ի՞նչ կենսագրություն ունի կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված ԱԻ նախարարը

Ազգային հերոս, ԶՈւ գեներալ-մայոր․ ի՞նչ կենսագրություն ունի կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված ԱԻ նախարարը

Երեկ հայտնի դարձավ, որ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Հայաստանի արտակարգ իրավիճակների գործող նախարար Անդրանիկ Սուրենի Փիլոյանը ռազմական գործիչ է, Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Հայաստանի ազգային հերոս։

1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի և ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը։ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին։

2008 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-րդ աստիճանի մեդալով։ 2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

ԱԻ նախարար է նշանակվել պատերազմից հետո՝ 2020թ-ի նոյեմբերի 20-ին, իսկ հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ազգային հերոսի» կոչումով։

Փիլոյանը շարունակում է զբաղեցնել նախարարի պաշտոնը, բայց այս պահին գտնվում է երկշաբաթյա արձակուրդում և հնարավոր է՝ արձակուրդից չվերադառնա։