«Խաղաղության» դարաշրջանը միայն Փաշինյանի մտքում է

Ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի:
«Խաղաղության» դարաշրջանի ջատագովները՝ ՔՊ-ականներն, այս անգամ Հայաստան երկրորդ պատերազմն են «բերում»: Եթե 44-օրյա պատերազմի հիմնական հարվածն ընդունեց Արցախն, ապա այսօր Բաքվի նպատակն է գրավել ողջ Հայաստանը, հայաթափել այն և Հայաստանը բնակեցնելով ադրբեջանցիներով՝ դարձնել ապագա Մեծ Թուրանի մաս: ՔՊ-ն, իհարկե, դա չի գիտակցում, քանի որ նրանք 2018թ.-ից զբաղված են իրենց բարեկեցությամբ՝ ՀՀ-ում խորացող սոցիալ-տնտեսական աղետի ֆոնին:
Ադրբեջանը հայկական գենոֆոնդը՝ 18 տարեկաններին, ոչնչացնում է սահմաններին. նպատակը հայկական տարրը Հարավային Կովկասից հեռացնելն է և պատահական չէ, որ նրանք հարվածում են սահմանամերձ քաղաքներին և գյուղերին՝ դատարկելով դրանք, խթանելով արտագաղթը:
Այդ ֆոնին ՔՊ-ն հայոց բանակը զինելու և ռազմական դրություն մտցնելու փոխարեն դիմում է մեկ Արևմուտքին, մեկ՝ ՌԴ-ին, սակայն միակ գործոնը, որը կարող է զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին հայոց բանակն է: ՌԴ-ն պաշտպանում է հայ-թուրքական սահմանը, սակայն հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը պետք է պաշտպանեն ՀՀ քաղաքացիները, նաև նրանք, ովքեր իրենց քվեով իշխանության բերեցին Փաշինյանին և ոչինչ չանող ՔՊ-ին:
Հայաստանը պետք է վերածվի ռազմական ամրոցի՝ յուրաքանչյուր քաղաք և գյուղ պետք է ստեղծեն կամավորական ջոկատներ ՀՀ ՊՆ-ի հետ միասին, պատրաստ պաշտպանելու իրենց բնակավայրերը: «Խաղաղության» դարաշրջանը միայն Փաշինյանի մտքում է՝ Ալիևը նպատակ ունի հասնել Երևան և Սյունիք:
Վահրամ Բագրատյան