«Իրար օգնենք, որ չհոգնենք». Հայաստանն ու Ադրբեջանը աստիճանաբար դառնում են մեկ պետություն

«Իրար օգնենք, որ չհոգնենք». Հայաստանն ու Ադրբեջանը աստիճանաբար դառնում են մեկ պետություն

Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել Կարմիր խաչի ներկայացուցչությունը երկրում, պատճառաբանելով, որ այդ կազմակերպության ներկայության անհրաժեշտությունն այլևս չկա։

Սա մեծ հարված է առաջին հերթին Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների համար։ Իհարկե այնպես չէ, որ այդ կազմակերպությունը կարողանում էր ազդեցություն ունենալ գործընթացների վրա, կամ կասեցնել մեր հայրենակիցների խոշտանգումները, կամ էլ առհասարակ ի զորու էր հասնել նրանց ազատ արձակմանը։ Իհարկե ոչ, սակայն Կարմիր խաչի միջոցով մեր հայրենակիցները կարողանում էին կապվել իրենց ընտանիքների հետ, ժամանակ առ ժամանակ էլ հնարավորություն էր լինում կազմակերպության միջոցով տեղեկություններ ստանալ նրանցից։ Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակմամբ, կորում է կապը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների հետ, համենայն դեպս դառնում է առավել դժվար։ 

Միանշանակ է, որ ներկայացուցչության փակումն ունի քաղաքական դրդապատճառներ։ Այս պահին առավել հավանական վարկածներից է, որ Ադրբեջանը ձգտում է դառնալ ինֆորմացիոն տեսանկյունից հնարավորինս փակ, ինչը ենթադրում է, որ ապագայում հնարավոր են կոնկրետ գործողություններ թե' այդ երկրի ներքին քաղաքական կյանքում, թե' քայլեր՝ ուղղված Հայաստանի դեմ։ Ինֆորմացիոն արտահոսքի նվազեցումն ապահովելու համար, Ադրբեջանը որոշել է նաև փակել Բաքվում գործունեություն ծավալող ՄԱԿ-ի չորս գրասենյակ։

Բայց այժմ անդրադառնանք մի շատ կարևոր հանգամանքի, որը վերաբերում է Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին։ Զարմանալի «զուգադիպությամբ» օրեր առաջ «Հանրապետություն» կոսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ԱԺ-ում եվրոպական կառույցներին ուղղված իր գովքում հասավ այնտեղ, որ ձեռի հետ էլ գովեց նաև Ադրբեջանին, նշելով, որ այնտեղ գտնվող մեր հայրենակիցների վիճակն ու կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են։

Կրկին շատ զարմանալի «զուգադիպությամբ», այս հայտարարությունը հնչում է ճիշտ այն ժամանակ, երբ ամեն օր ներկայացվում են փաստեր, լուսանկարներ ու ապացույցներ ռազմագերիների խոշտանգումներից ու ճնշումներից։ 

Արտակ Զեյնալյանի հայտարարությունն այն էր, ինչ պետք էր Ադրբեջանին ու այդ հայտարարությունը Ադրբեջանը կօգտագործի Հայաստանի դեմ, եթե վաղը փորձենք միջազգային ատյաններում հայտ ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի՝ մեր հայրենակիցներին խոշտանգելու մեղադրանքով։

Հայաստանում ոչ անհայտ իրավապաշտպանը, իշխանամերձ կուսակցության ներկայացուցիչը համոզված է, որ մեր ռազմագերիները գտնվում են նորմալ պայմաններում, նրանց վիճակը բարելավված է, հետևաբար չկա բողոքելու առիթ, չկա նաև Կարմիր խաչի ներկայացվածության կարիք։ Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Կարմիր խաչի ներկայացուցչությունը Բաքվում փակվում է բացառապես քաղաքական դրդապատճառներով, սակայն Հայաստանի քաղաքական որոշ, իսկ ավելի կոնկրետ իշխանամերձ շրջանակներից հնչող հավաստումները հիմնավորում են Ադրբեջանի այն պնդումները, որ այդ ներկայացուցչության անհրաժեշտությունն իրենց երկրում այլևս չեն տեսնում։

Մենք մի հարևան ունենք, որը շատ է սիրում ասել. «Իրար օգնենք, որ չհոգնենք»։ Հայաստանն ու Ադրբեջանն այն աստիճան են սկսել սինխրոն աշխատել արդեն գրեթե բոլոր օղակներում ու իրար «օգնել», որ աստիճանաբար դառնում են գրեթե մեկ պետություն։

Կարեն Կարապետյան