«Ալավերդյանցի Կոկոյին» չե՞ն գտել

Մինչ ՆԳՆ-ն իր ժամանակը և ռեսուրսը վատնում է ինչ-որ մասկի-շոուների վրա, 34-ամյա քրեական հեղինակություն Կոնստանտին Հունանյանը՝ «ալավերդյանցի Կոկոն» արդեն 6 ամիս փախուստի մեջ է, նրան չեն կարողանում հայտնաբերել ու կարծես հույս էլ չկա, որ մի օր կհայտնաբերեն:
Ինչպես MediaHub-ը գրել էր՝ «Կոկո» մականունը կրող Կոնստանտինը ազատազրկված է սպանության համար: Մասնավորապես, նա ազատազրկվել է 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեղադրանքով։
Անցած տարվա հոկտեմբերի 1-ին դատապարտյալը փախուստի էր դիմել բժշկական կենտրոնից, ուր նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկից բուժման:
MediaHub-ին Ոստիկանությունից փոխանցեցին, որ փախուստի դիմած Հունանյանին դեռ չեն հայտնաբերել․
«Շարունակվում են միջոցառումները հայտնաբերելու ուղղությամբ»,- եղավ ավանդական դարձած պատասխանը։
MediaHub-ին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այս դեպքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հունանյանը տևական ժամանակ կրել է ազատազրկումն ԱԱԾ մեկուսարանում, որից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկներից մեկը, սակայն այնտեղից նրան նորից վերադարձրել են մեկուսարան: Պատճառը կապում են մականունավոր դատապարտյալի անվտանգությանը սպառնալիքի հետ:
Շուրջ վեց ամիս առաջ նա տեղափոխվել էր «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ իբրև թե առողջական խնդիրներով, որտեղից էլ հոկտեմբերի 1-ին փախուստի է դիմել: Ասացին՝ նրան հսկող անձնակազմը եղել է կողքի սենյակում, երբ հանցագործին հաջողվել է երկրորդ հարկի պատուհանից ճողոպրել և ազատության մեջ հայտնվել:
Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ մեր տեղեկություններով՝ «Կոկո»-ին փնտրում են ոչ միայն ուժայինները, այլև քրեական աշխարհի ներկայացուցիչները: Բայց, ինչպես տեսնում ենք, լավ չեն փնտրում:
MediaHub-ը զրուցել էր սպանված Աշոտ Պետրոսյանի մոր՝ Ռիմա Խաչատրյանի հետ: Հարցին, թե արդյո՞ք Կոնստանտինը որևէ կերպ կապ հաստատել է իր հետ, տիկին Խաչատրյանը կտրուկ շեշտել էր՝ ոչ.
«Ինքը մեզ հետ կապ չի կարող հաստատել, իմ երեխայի արյունը չի վաճառվում, բայց մի քանի տարբերակներով, որքան տեղյակ եմ, խոշոր գումարներ է առաջարկել տարբեր մարդկանց։ Իմ կարծիքով՝ «Կոկոն» Հայաստանում է, միջազգային հետախուզում է նրա նկատմամբ հայտարարված։ Նա քանդեց իմ ընտանիքը, իր փախուստից հետո վերապրում եմ կրկին ու կրկին, նա փախավ փոքր բերդից, բայց նրան վերևում սպասվում է մեծ բերդ․․․»,- ասել էր մայրը։
Մարիաննա Արամյան