ՔՊ-ն չունի ՀՀ-ի ու Արցախի փրկության «ճանապարհային քարտեզ»

ՔՊ-ն չունի ՀՀ-ի ու Արցախի փրկության «ճանապարհային քարտեզ»

Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված: 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Արցախյան պատերազմում խայտառակ պարտության, աղետալի հետևանքների համար պատասխանատու ՔՊ-ական թիմը շարունակում է մնալ իշխանության՝ հանուն իշխանության պատրաստ լինելով գնալ արտաքին քաղաքական նորանոր զիջումների՝ թուրք-ադրբեջանական տանդեմին: Այդ ամենը քողարկելով փոխզիջում և «խաղաղության դարաշրջան» ոչինչ չասող արտահայտություններով:

Հայաստանն ու Արցախը շարունակելու են գտնվել ներքաղաքական ցնցումների մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում իշխանության են Փաշինյանն ու նրա հնազանդ թիմակիցները, ովքեր արտաքին ճակատում ծպտուն չեն հանում և չեն հակադարձում Բաքվի հայատյաց հայտարարություններին, իսկ երկրի ներսում՝ բիրտ ոստիկանական մեթոդներով ցրում են ընդդիմության կազմակերպած խաղաղ ցույցերը, որոնց նպատակն է Արցախը փրկել հայաթափումից, իսկ Հայաստանը՝ պետականության կորստից:

ՔՊ-ականները չունեն Հայաստանի ու Արցախի զարգացման որևէ «ճանապարհային քարտեզ» թուրք-ադրբեջանական սպառնալիքներին դիմագրավելու հստակ ռազմավարություն՝ «խաղաղության դարաշրջան» արտահայտությունը ոչ մի արժեք չունի Անկարայի և Բաքվի համար, ովքեր ՀՀ գործող իշխանություններից ցանկացում են միայն զիջումներ կորզել՝ Արցախի, Հայոց ցեղասպանության, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու առումներով:

Իշխանափոխությունն ու ազգային ընդդիմության իշխանության գալը կարող է կասեցնել հայոց պետականության անկումը՝ ՔՊ-ականները 2018թ.-ից մինչև այսօր ապացուցել են իրենց անզորությունը լուծելու որևէ տնտեսական, քաղաքական, ռազմական խնդիր՝ տապալվելով թե ներքին, թե արտաքին ճակատներում: ՀՀ քաղաքացիների միասնական պայքարի շնորհիվ իշխանափոխությունը միայն ժամանակի հարց է:

Վահրամ Բագրատյան