Վթար՝ Արմավիրում. «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը, վիրավորներ կան

Վթար՝ Արմավիրում. «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը, վիրավորներ կան

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Հացիկ գյուղի կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտվել դաշտում՝ բախվելով ծառերին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա Կառլեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:



Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:

Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անվադողի պայթելը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը: Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր: