ՀՀ նախագահը չի տիրապետում դիվանագիտական նրբություններին. դաշնակցի թշնամի երկրում դաշնակցին է քննադատում․ քաղաքագետ

ՀՀ նախագահը չի տիրապետում դիվանագիտական նրբություններին. դաշնակցի թշնամի երկրում դաշնակցին է քննադատում․ քաղաքագետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Էստոնիայում իր պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ՀԱՊԿ անդամ երկրները և ՌԴ-ն «մեզ ռազմական աջակցություն պետք է ցույց տային, բացի դրանից ակնկալվում էր նաև քաղաքական հայտարարություններ, սակայն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չի եղել»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի են, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է»,-ասել էր նա։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ առնվազն տարօրինակ է, որ այս հայտարարություններն արվում են Էստոնիայում՝ ՌԴ-ի թշնամի երկրում։

«Նման վարքագիծ դրսևորելը տագնապային է․ դու քննադատում ես քո դաշնակցին մի երկրում, որը քո դաշնակցի թշնամին է։ Ցավալի է, որ մեր երկրի ղեկավարը չի տիրապետում դիվանագիտական նրբություններին, և այսպիսի սիրողական մակարդակում հայտրարություններ անելը վնասում է միայն մեզ։ Նախագահը չէ, որ պետք է այս մասին խոսեր, այն էլ՝ Էստոնիայում»,- ասաց նա։

Ըստ Բալասանյանի՝ երբ հայկական կողմը «բողոքում է» ՌԴ-ի վարքագծից, պետք է նաև հետ նայի, հասկանա, թե 2018 թվականից հետո ի՞նչ է արվել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ և ովքե՞ր են մեղավոր այս արդյունքի համար։

«Այսպես, ոտքի վրա, մեկ-երկու նախադասությամբ դաշնակցին մեղադրելն անթույլատրելի է։ Ես չգիտեմ՝ անկեղծացել է, թե՞ իրեն կանչել են հենց հատուկ այդ հայտարարություններն անելու համար։ Մենք Էստոնիայի հետ որևէ հարաբերություն չունենք, որի համար պետք է երկրի նախագահը պետական բյուջեի հաշվին գնար հասներ այնտեղ։ Էստոնիան ՆԱՏՕ անդամ երկիր է և նույնիսկ այնտեղ իրենից ոչինչ չի ներկայացնում, ազդեցություն չունի։ ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկելը և նախագահի այս հայտարարությունները պետք է նույն հարթության վրա դիտարկել»,- նշեց նա։

Հայ-էստոնական հարաբերությունների զարգացման մասին խոսելու փոխարեն ՌԴ-ին քննադատելը, Բալասանյանի դիտարկմամբ, երկրի նախագահին հարիր չէ։

Լիաննա Թորոսյան