Կներկայացվի «Քոչար 360°» ինստալացիա – պերֆորմանսը

Նկարիչ – արձանագործ Երվանդ Քոչարի (1899-1979) ստեղծագործությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923-1936թթ. Քոչարն ապրել և ստեղծագործել է Փարիզում, ցուցադրվել Պիկասոյի, Լեժեի, Պիկաբիայի, Արպի, Դե
Կիրիկոյի, Մատիսի, Միրոյի և այլոց հետ՝ արժանանալով ժամանակի նշանավոր
արվեստի քննադատների գնահատանքին ու դասվել այն մեծերի շարքում, որոնց
արվեստով պայմանավորվեց 1920-30-ականների եվրոպական ավանգարդն ու
համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը:
Փարիզում Քոչարը ստեղծեց պլաստիկ - գեղանկարչական նոր՝ կինետիկ արտահայտչաձև՝ Տարածական նկարչությունը («Peinture dans l'espace»), որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ և արվեստի խոշորագույն տեսաբանների կարծիքով Ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է։
«Արտ – Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը Ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության, «Երվանդ Քոչար» թանգարանի և «Հայաստանի Ազգային պատկերասրահ» - ի հետ ներկայացնում է «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա – պերֆորմանսը։
Ներկայացվող բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոյեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։
Սա ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։ Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երևանում 2024 թվականի մարտին։
Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի, գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան, ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան, երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն: