Ավանեսյանը չպատասխանեց հարցին, թե ինչու է իր մեղքը փոխնախարարի վրա «բարդում»

«Մարտունու» ԲԿ-ի շուրջ որևէ սկանդալ չի հասունանում։ Հիվանդանոցը բացվել է, և դրանից հետո կար ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցն իր գույքով ու սարքավորումներով տեղափոխվի նոր տարածք։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա տեղեկացրեց, որ որևէ բան չի շտապեցվել, ամեն բան ընթացքի մեջ է, տեղափոխման աշխատանքներ են իրականացվում։

«Շենքը բացվելուց հետո սկսվում է մեկ այլ գործընթաց, տեղափոխում, որը ևս պրոցես է, դրա արդյունքում էլ որոշակի ճշտողական աշխատանքների անհրաժեշտություն է առաջանում»,- նշեց Ավանեսյանը։

Ըստ նրա՝ իր նշած ժամկետից շատ ավելի երկար է տևել տեղափոխման աշխատանքը, բայց իրանց համար կարևորն արդյունքն է։

«Պիտի հավաստիանանք, որ պրոցեսները գործարկված են, դրանից հետո ևս մեկ անգամ հավաստվում ենք՝ ինչ է իրականանում»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ փոխնախարար Արմեն Նազարյանը ևս այս հարցով, ըստ լուրերի, ազատվել է աշխատանքից, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց՝ պարոն Նազարյանը հիմա արձակուրդում է։

«Ես նրան առաջարկել եմ տեղափոխվել այլ աշխատանքի։ Հարմար եմ գտնում այդ հարցում այլ մարդու նշանակել»,- ասաց նա։

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք սա «Մարտունու» ԲԿ-ի մեղքը փոխնախարարի վրա բարդելու գործընթաց չէ, Անավեսյանը չպատասխանեց։

Մանրամասները՝ տեսանյութում։