Արցախից բռնահանված 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակն է գնահատվել

Արցախից բռնահանված 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակն է գնահատվել

Տեղի է ունեցել «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ծրագրի հիմնական շահառուների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի շրջանակում և հիմնված է տուժած երեխաների իրավունքները պաշտպանելու ԵԽ փորձի վրա, ինչպես նաև առաջարկում է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցված աջակցություն:

Արմեն Գասպարյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներն` ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջապահական կարիքների գնահատմանը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը:

«Բուժօգնությունը սեղմ ժամկետներում կազմակերպելու, քրոնիկ հիվանդություններով անձանց հայտնաբերելու և շարունակական հսկողություն կազմակերպելու համար ձևավորվել են բժշկական մոբիլ թիմեր, այդ թվում` մանկաբուժական թիմեր, որոնք գնահատել են տեղահանված անձանց առաջնային բժշկական կարիքները, իրականացրել շուրջ 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակի ամբողջական գնահատում»,- նշել է Արմեն Գասպարյանը:

Ներկայացվել է նաև բռնի տեղահանված անձանց ԱԱՊ կազմակերպություններում գրանցման, պետական պատվերի շրջանակներում ծառայությունների տրամադրման և տուժածներին հոգեբանական աջակցության ուղղությամբ կատարված աշխատանքը:

Կարևորվել են երեխաների և դեռահասների հոգեկան առողջության խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ներառումը, այդ թվում` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026թթ. ծրագրի» համատեքստում:

Ծրագրի ներդրման ուղղությամբ Սյունիքի մարզում իրականացվել է`

երեխաների և դեռահասների հոգեկան առողջության ծառայությունների քարտեզագրում, մշակվել են դրանք բարելավելու մեխանիզմներ,

մշակվել է ԱԱՊ օղակի բուժաշխատողների համար նախատեսված ուղեցույց,

վերապատրաստվել է ԱԱՊ օղակի 100-ից ավելի բուժաշխատող:Ներկայումս ծրագիրը ներդրվում է ևս չորս մարզում՝ Արարատ, Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ, մյուս մարզերը՝ հաջորդիվ: