Թշնամին կրակում է Տավուշի ուղղությամբ. մարզի բնակիչները իշխանության «խաղաղությանը» չեն հավատում

Թշնամին կրակում է Տավուշի ուղղությամբ. մարզի բնակիչները իշխանության «խաղաղությանը» չեն հավատում

Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական Զինված ուժերը շարունակում են կրակել ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, իսկ դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանգիստ զրուցում են, ծիծաղում և, անգամ, Փաշինյանը Ադրբեջանի նախագահին սուրճի է հրավիրում։ Այն երկրի ղեկավարին, որը կրակում է իր երկրի քաղաքացիների ուղղությամբ:

Վերջին օրերին Տավուշը ևս հայտնվել է թշնամու թիրախում: MediaHub-ի հետ զրույցում Տավուշի մարզի անտառապահներից մեկն ասաց, որ Սյունիքի նման չէ իրավիճակը, բայց անհանգստացնող է, քանի որ կրակում են սահմանին մոտ գյուղերի ուղղությամբ։

«Շաբաթ-կիրակի լսվել են կրակոցները՝ ուշ գիշերին և լուսադեմին։ Չեմ ասում՝ տներին են կրակում, բայց անհանգստանում ենք նրա համար, որ տներից լսվում ա։ Մովսես, Չինարի, Այգեպար գյուղերի ճակատագիրն անորոշ է։ Մարդիկ վախենում են անասուն պահեն, որովհետև անցնում ա սահմանն ու արդեն տեր չենք։ Վերջին անգամ մովսեսցի մի ընտանիքին պատկանող ոչխարներն են անցել»,– MediaHub-ի  հետ զրույցում նշեց նա։

Նա ցավով նշեց, որ իշխանությունները անհանգստացած չեն սահմանի կրակոցներով։ 

«Տավուշցիները ոչ մի խաղաղության չեն հավատում։ 30 տարի ա սպասում ենք... Ադրբեջանն այն պետությունը չի, որ մեզ հետ խաղաղության շուրջ համաձայնագիր ստորագրի»,- վստահ ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ չնայած նրան, որ հայկական կողմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, մինչ օրս ադրբեջանական կողմից չեն արձագանքել։ Սյունիքի և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մարդիկ գիշերը լուսացնում են ադրբեջանական կրակի ուղեկցությամբ, մինչ Փաշինյանը սուրճի է հրավիրում Իլհամ Ալիևին։

Մարիաննա Արամյան