Ոստան գյուղում՝ երկաթգծի հարևանությամբ, «Toyota C-HR»-ը բախվել է սյանը և բռնկվել

Ոստան գյուղում՝ երկաթգծի հարևանությամբ, «Toyota C-HR»-ը բախվել է սյանը և բռնկվել

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում «Toyota C-HR» մակնիշի ավտոմեքենան Ոստան բնակավայրում, երկաթգծի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։