Օվերչուկի նշած հաղորդակցությունը ծառայեցվելու է բացառապես թուրք֊ադրբեջանական տանդեմի շահերին. Վահե Դավթյան

Օվերչուկի նշած հաղորդակցությունը  ծառայեցվելու է բացառապես թուրք֊ադրբեջանական տանդեմի շահերին. Վահե Դավթյան

Եթե անգամ Օվերչուկի նշած հաղորդակցությունը վերահսկվի Երևանի կողմից, միևնույնն է, այն ծառայեցվելու է բացառապես թուրք֊ադրբեջանական տանդեմի շահերին՝ հաշվի առնելով Հայաստանի ապասուբյեկտայնացած վիճակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

«ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն այսօր հայտարարել է, որ հաղորդակցությունների վերաբացման դեպքում Հայաստանը կստանա մոտ 5 մլրդ դոլար ներդրում։ Հայտնի է, որ 2021 թ.֊ից առ այսօր կողմերը հատուկ աշխատանքային խմբի շրջանակներում դիտարկում են միայն մեկ լոգիստիկ սցենար՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ֊Բաքու։ Այսինքն, բանակցվում է բացառապես միջանցքը։ Անունը կարող եք դնել ճանապարհ, երթուղի՝ ինչպես կուզեք։ Էական չէ։ Հաշվի առնելով Հայաստանի ապասուբյեկտայնացած վիճակը՝ անգամ եթե այդ հաղորդակցությունը վերահսկվի Երևանի կողմից, միևնույն է՝ այն ծառայեցվելու է բացառապես թուրք֊ադրբեջանական տանդեմի շահերին։ Ընդ որում՝ հիմնականում ռազմական, այլ ոչ թե տնտեսական։

Պարզ է նաև, որ այդ երթուղու ընդամենը 40 կմ֊ն է անցնելու Հայաստանի տարածքով (եթե, իհարկե, այդ տարածքը դեռ հայկական լինի) և չի կարող ներառական, խորքային տնտեսական զարգացում ապահովել։ Ի տարբերություն "Հյուսիս֊Հարավ"֊ի, որը, կարծես թե, դուրս է Երևանի օրակարգից (բայց, բարեբախտաբար, դեռ առկա է Իրանի ու Հնդկաստանի օրակարգերում)։

Մեծ հաշվով Օվերչուկի ներդրումային խոստումն իր էությամբ նման է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Միլզի հայտարարությանը՝ վերականգնվող էներգետիկայում 8 մլրդ դոլար ներդրում իրականացնելու պատրաստակամության մասին։ Ոչ մի հաշվարկ։ Ոչ մի նախնական ծրագիր կամ բիզնես֊պլան։ Բացառապես քաղաքական հռետորաբանություն»,- նշել է նա: