Քվինի երկու ուղերձը՝ նույն տրամաբանությամբ 

Քվինի երկու ուղերձը՝ նույն տրամաբանությամբ 

Օրերս Հանրային հեռուստատեսությանն էր հյուրընկալվել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ում առնվազն երկու վիճահարույց հայտարարություններ բուռն քննարկման առարկա են դարձել Հայաստանում:

Անդրադառնալով այն պնդմանը, որ եթե Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելն անհնար է, Քրիստինա Քվինն ասել է. «Մենք հավատում ենք եւ հույս ունենք, որ դա հնարավոր է: Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը»:
Տիկին դեսպանը փաստորեն բացահայտել է վաշինգտոնյան հարթակում տեղի ունեցող բանակցությունների կարևոր բաղադրիչներից մեկը՝ բաց տեքստով հայտարարելով, թե ԼՂ-ն կլանվելու է ունիտար Ադրբեջանի կողմից:

Քվինը չի խոսում ԼՂ որևէ կարգավիճակի մասին, բայց վստահություն է հայտնում, թե հայերը կարող են անվտանգ ու խաղաղ ապրել: Այս հայտարարությունն առնվազն տարակուսելի է, որովհետև եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ամիսներ շարունակ չեն կարողանում կամ չեն ուզում ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, այդ ինչպե՞ս են երաշխավորելու ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունն ունիտար Ադրբեջանում:

ԱՄՆ դեսպանի մյուս հայտարարությունը, թե Հայաստանը ժողովրդավարության իմաստով պայծառ կետ է տարածաշրջանում, բխում է առաջինից, գոնե՝ անուղղակի: Արևմուտքը պատրաստ է աչք փակել Փաշինյանի բոլոր ավտորիտար նկրտումների վրա, քանի որ նա Հայաստանի միակ ղեկավարն է, ով, ըստ էության, համաձայնել է ԼՂ-ն թողնել Ադրբեջանի կազմում՝ առանց վերապահումների:

Վահրամ Բագրատյան