Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների խախտումները՝ այժմ էլ ՀՀ սահմանամերձ շրջաններում

Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների խախտումները՝ այժմ էլ ՀՀ սահմանամերձ շրջաններում

Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որը նախագահում էր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ, ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։

Նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ, պարո՛ն փոխնախագահ՝ որպես խորհրդի այս նստաշրջանի նախագահող: 

Մարդու իրավունքների խորհուրդը բազմակողմ դիվանագիտության առանցքային ձեռքբերումներից է, քանի որ այն հանդիսանում է մարդու իրավունքների երկխոսության պահպանման և խթանման անփոխարինելի հարթակ՝ անկախ միջազգային և տարածաշրջանային տարբեր ճգնաժամերից: Այս խորհուրդը կոչված է պաշտպանելու յուրաքանչյուրին բոլոր ժամանակներում։ Այստեղ Անհատի անկապտելի արժանապատվությունն է նժարին դրված։ Աշխարհում գոյություն ունեցող և փոփոխվող բազում ճգնաժամերի պայմաններում հակամարտային իրավիճակներում գտնվող մարդկանց իրավունքները պետք է լինեն Մարդու իրավունքների խորհրդի և նրա հատուկ ընթացակարգերի հատուկ ուշադրության կենտրոնում։

Հենց այս տեսլականով ու նպատակներով է Հայաստանը մեկնարկել խորհրդում իր անդամակցության երրորդ տարին։ Կարծում եմ` արտաքին թեմատիկ խնդիրների և երկրի ճգնաժամային իրավիճակների արձագանքման և հասցեագրման գործում մենք կարողացանք մեզ դրսևորել որպես վստահելի և հուսալի գործընկեր: Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր ներդրումը՝ առավելագույնս կառուցողական և դրական: