Եթե բանակցություն կար, ո՞վ է բանակցել, եթե չկար՝ ինչո՞ւ կրակ չի բացվել, պատասխանե՛ք․ Մամիջանյան
Ագրեսորը, հարձակվողը միշտ ադրբեջանական կողմն է եղել։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Արձագանքելով հարցին, թե եթե հիմա ՌԴ-ի հետ հարաբերությունների այսպիսին լինելու հարցում, ըստ ընդդիմության, մեղավորը ՀՀ իշխանություններն են, ապա 2011-ին է՞լ են ՀՀ իշխանությունները մեղավոր եղել, այդ ժամանակ էլ էր ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառում՝ Մամիջանյանը պատասխանեց՝ երբեք հավասարության նշան դնել չի կարելի։
«Հայաստանը ՌԴ-ից զենք է ձեռք բերել գործարանային գներով, այն գներով, որոնցով ՌԴ ՊՆ-ն էր գնում։ Նույն գնով չի Ադրբեջանը զենք գնում»,- նշեց նա։
Հայկ Մամիջանյանը հարց հնչեցրեց՝ այդ ինչպե՞ս է տեղի ունենում, որ այս իշխանության օրոք կնքվում է ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցային փաստաթուղթ, որի վրա շուրջ մեկ տարի աշխատել են կողմերը։
«Դրանից հետո ՌԴ-ում Հայաստանի դեսպանն անգամ հետ չկանչվեց։ Այո՛, ՌԴ-ում Հայաստանի դեսպանն անիմաստ է»,- նկատեց նա։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց՝ չի քննարկվում, կասկածի տակ չի դրվում հարցը, որ Ադրբեջանն է սկսել սադրանքը։
«Բայց ես հարց ունեմ՝ եթե ադրբեջանական դիրքից մեքենա է շարժվում հայկական դիրքի ուղղությամբ, և խոսքը բանակցության մասին չէ, ինչո՞ւ կրակ չի բացվել։ Պարզ հարց եմ տալիս, չեմ բարդացնում, քաղաքական շղարշ չեմ ավելացնում։ Կա՛մ եղել է բանակցություն․ այդ դեպքում ո՞վ է եղել բանակցողը, իսկ եթե բանակցություն չի եղել, ապա ինչո՞ւ կրակ չի բացվել։ Իմ գործընկեր Տիգրան Աբրահամյանն էլ էր այս հարցը բարձրացնում, որը ՔՊ-ականները փորձեցին շահարկել։ Այդ հարցը մինչև այսօր անպատասխան է»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։